Lragir.am. Միջազգային միջնորդների վեցյակն ակնկալում է իրանական միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցողի շուտափույթ նշանակումը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Հասան Ռուհանիի Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հաճախակիացել են Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունների հավանական մեղմացման մասին խոսակցությունները: Ավելին, մեծ քաղաքականության կուլիսներից այն կողմ արդեն խոսվում է նոր խողովակաշարերի անցկացման, Իրանի գազային պոտենցիալի օգտագործման եւ համապատասխանաբար Մեծ Մերձավոր Արեւելքում շեշտադրության փոփոխության հավանականության մասին: Հայաստանն ու Ղարաբաղը, որոնք սահմանակից են Իրանին, կարող են հայտնվել նոր միջազգային նախագծերի կենտրոնում: Այդ կապակցությամբ, օրերս հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել: Վայոց ձորում Մետաքսի ճանապարհի սեւծովյան հատվածի (BSSRC) նախագծի հայ, վրացի, հույն եւ թուրք մասնակիցները հայտարարարել են տարածաշրջանային նախագծի մեկնարկի մասին: BSSRC-ը հասարակական կազմակերպությունների համատեղ նախագիծ է, որի նպատակը 3000 կմ երկարությամբ զբոսաշրջային երթուղու ստեղծումն է, որը հունական Սալոնիկը կմիացնի հայկական Մեղրիին: Մեղրին, հիշեցնենք, Իրանի հետ սահմանին է: Նախագիծը ողջունել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի եւ Չինաստանի դեսպանները: Նույն օրը Երեւանում տեղի է ունեցել Իրանի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատների նիստը: Նիստին հայ գործարարներին առաջարկվել է օգտվել Մեղրիի հետ սահմանակից Արաս իրանական ազատ առեւտրի գոտուց: Չնայած հռչակվող դրականին՝ հայ-իրանական կապերը բավական դանդաղ են զարգանում: Դա կարող է կապված լինել Արեւմուտքի պատժամիջոցները խախտելու մեջ մեղադրվելու Հայաստանի իշխանության զգուշավորության հետ: Սակայն չի բացառվում, որ հայ-իրանական կապերը տորպեդահարում է Ռուսաստանը, որին ձեռնտու չէ տարածաշրջանի բացումն ու նոր խողովակաշարերի անցկացումը: Վերջերս ընտրվել է այն երթուղին, որով Շահ Դենիզից ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա, Թուրքիայով եւ Հունաստանով: Սակայն երթուղու մի մասը դեռ չի որոշվել, ինչպես նաեւ գազի լրացուցիչ աղբյուրները: Փորձագետները չեն բացառում Հայաստանի ներառումը երթուղու մեջ, որի միջոցով խողովակաշար կմտնի նաեւ իրանական գազը: Եվ, ըստ ամենայնի, Մոսկվան դիմադրում է դրան: Հայաստանը պետք է որոշի՝ պատրա՞ստ է արդյոք դառնալ իրանական գազի տրանզիտ փոխադրող դեպի Եվրոպա, պատրա՞ստ է ընդհանրապես Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել:
Նաիրա Հայրումյան