ՀՀ վարչապետի մոտ 2013թ. հուլիսի 17-ին ազատամարտիկների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
Շարունակվում են աշխատանքները ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամներին տրվող սոցիալական երաշխիքների ուղղությամբ: Մասնավորապես՝
1.Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 04.07.2013 թ. թիվ 93-Ա/1 հրամանով ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղեգրով կարող են ստանալ բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ' ՀՀ ԱՍՀՆ միջոցով պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում:
2.Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված ազատամարտիկների 5092 ընտանիքներ արդեն ստացել են ավանդների փոխհատուցում:
Գործող ծրագիրը 2013 թվականին ավարտվում է, 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք ֆինանսական միջոցների շրջանակներում կառաջարկվի նոր ծրագիր, որի մշակման ժամանակ կքննարկվեն նաև ազատամարտիկների ընտանիքների անդամների ավանդների փոխհատուցման հետ կապված հարցերը:
3.Նախատեսվում է ավելացնել կենսաթոշակները և արտոնությունների դիմաց տրվող դրամական օգնությունները:
Այսպես՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014թ. սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներիկենսաթոշակային ապահովության համար նախատեսվել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսվածից 8.4 տոկոսով, 2015-16թթ՝ շուրջ 24.4 տոկոսով ավելի ֆինանսական միջոցներ:
Արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնությունների համար նախատեսվել է. 2014 թվականին՝ շուրջ 9.1 մլրդ. դրամ, կամ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսվածից (շուրջ 8.3 մլրդ. դրամ) շուրջ 9.5 տոկոսով ավելի, 2015-2016 թվականներին՝ շուրջ 9.2 մլրդ. դրամ:
4. Հաշվի առնելով զինծառայողների աշխատավարձերի ձևավորման սկզբունքների փոփոխությունները (նախատեսվում է ներդնել աշխատավարձերի ձևավորման միասնական համակարգ)՝ աշխատանքներ են տարվում նաև զինվորական կենսաթոշակները հաշվարկելու կարգը փոփոխելու ուղղությամբ:
Նախարարությունում քննարկվում են նաև ազատամարտիկներին սոցիալական այլ երաշխիքներ տրամադրելու հարցերը, որոնք ավելի առարկայական կդառնան նրանց հաշվառման և կարգավիճակի հստակեցման աշխատանքներն ավարտելուց հետո:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է ազատամարտիկներին վերաբերող ցանկացած հարց քննարկել իրենց մասնակցությամբ, տալ պարզաբանումներ առկա սոցիալական երաշխիքների վերաբերյալ, ուստի հրավիրում է ակտիվորեն մասնակցել 2014թ. բյուջեի նախագծի քննարկումներին, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում ավելի առարկայական, հստակ լուծումներ տալ նրանց սոցիալական խնդիրներին: