Հունիսմեկյան կրակոցներից հետո, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Վերջինս Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Ի՞նչ սպասելիքներ ունեն սյունեցիները նոր մարզպետից եւ արդյոք ճանաչո՞ւմ են նրան: ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է պարզել հենց իրենցից: Սյունիքի մարզի բնակչուհի Արմանուշ Թավրեզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վահե Հակոբյանին չի ճանաչում, ապա ավելացրեց. «Երեւի լավ կլինի, հույս ունենանք, որ լավ կլինի: Նշանակումից հետո չի եկել, թե երբ էլ կգա՝ Աստված կիմանա: Մենք մեզ համար ենք միշտ աշխատել ու ապրել, մարզպետն ինչ պետք է աներ մեզ, ինքն իրա համար է ապրում, մենք էլ մեզ համար»: Սյունեցի կինը նախկին մարզպետի մասին լսել եւ խոսել չէր ցանկանում: Ինչ վերաբերում է Գորիսում հնչած աղմկոտ վերջին կրակոցներին, դարձյալ նշեց, թե այդ մասին չի լսել եւ տեղեկություններ չունի: Մեր այն հարցին, թե Սուրեն Խաչատրյանը հաճախակի՞ էր գալիս համայնք, հանդիպում բնակիչների հետ, նա պատասխանել է.«Մեր մոտ վերջին անգամ ընտրություններից առաջ էր եկել: Սերժ Սարգսյանի քարոզն էր անում»:

Մեկ այլ սյունեցի մեզ հետ զրույցում եւս նշեց, որ նորանշանակ մարզպետին չի ճանաչում, իսկ հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք, նա ասել է. «Ապագան ցույց կտա, միշտ էլ խոստումները շատ են, բայց անելիքները շատ քիչ, իրականում այդ խոստումները կկատարեն, թե չէ՝ ժամանակը ցույց կտա, որովհետեւ ժողովուրդը արդեն ոչ մեկի հետ հույս չի կապում»: «Ես լսել եմ, որ հարուստի տղա է, ուրիշ բան չգիտեմ»,- մեզ հետ զրույցում նշեց սյունեցիներից մեկը:

Մինչդեռ ի տարբերություն շարքային սյունեցիների, ՀՀԿ-ականները հայտարարում են, որ շատ լավ են ճանաչում Վահե Հակոբյանին:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նման վստահեցում է տվել Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչ Ժորա Միքայելյանը: «Որպես ՀՀԿ խորհրդի անդամ՝ իհարկե ճանաչում եմ եւ գիտեմ, որ ինքը երկար ժամանակ ԱԺ պատգամավոր է եղել՝ եւ իրա հայրիկին էլ եմ ճանաչում՝ Մաքսիմ Հակոբյանին, ով շատ բարեգործություններ է արել Սյունիքի մարզում, այդպես եմ ճանաչում»: Մեր այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք նորանշանակ մարզպետից, Ժորա Միքայելյանը ասել է. «Նշանակվել է նախագահի կողմից, կաշխատի՝ աշխատանքը իրանը ցույց կտա, եթե արժանի աշխատի իհարկե ես կողմ կլինեմ, որ ինքը նախագահ դառնա»:

Ժորա Միքայելյանը նշել է, որ Սյունիքի մարզում երբեք էլ վախի մթնոլորտ չի եղել: Հարցին, թե կհաջողվի՞ Վահե Հակոբյանին վերացնել ստեղծված մթնոլորտը ձեր մարզում, ՀՀԿ ներկայացուցիչն ասել է. «Ես չեմ կարա այդ հարցին հստակ պատասխան տամ, մենք էլի ապրում ենք, այդ վախի մթնոլորտը ասելը ճիշտ չեմ կարա ձեւակերպեմ, քանի որ այդ համայնքում եմ ես ապրում, էդ վախի մթնոլորտը չի եղել, որովհետեւ շատ հանգիստ ձեւով ապրում ենք: Վախի մթնոլորտը միայն մեր սահմանների, մեր հարեւան երկրների հետ կապված կարելի է ձեւակերպել»:

Հանրապետական ներկայացուցիչն ասել է, թե Սյունիքի նախկին մարզպետը միշտ էլ օգնել է սյունեցիներին: «Օգնել ա բոլոր դեպքերում, թեկուզ համայնքի բնակիչներից մեկը ինչ որ հարցեր է ունեցել, մարզպետին դիմել է անձնական խնդիրներով, ինչքան գնացել են՝ բացասական չի եղել»:

Ինչ վերաբերվում է Գորիսում հնչած կրակոցներին, ապա նա հայտնել է, որ այդ մասին լսել է, սակայն մանրամասներին չի տիրապետում: Բուդաղյան եղբայրներին չի ճանաչում: Ժորա Միքայելյանի խոսքերով՝ միայն տեղյակ է, որ նրանք զինվորական են:

Փայլակ Ֆահրադյան