Քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 14 տարիներին Վանաձորում իրականացված ողջ շինարարությունը, այդ թվում նաև՝ 200 կմ երկարությամբ համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում կատարվել են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի և «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից: Վերջիններս պատկանում են Վանաձորի քաղաքապետին և նրա եղբորը' Սեյրան Դարբինյանին:

«Հետքի» հետ զրույցում Սամվել Դարբինյանն ասաց, որ «Արգիշտի-1»-ը և «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն պատկանում են եղբորը: «Ես փայատեր եմ, դա ի՞նչ կապ ունի, թե որքան եմ փայատեր»,- ասաց նա:

Քաղաքապետարանի կողմից «Հետքին» ներկայացրած կատարողական ակտերով 2011-2013 թթ.-ին «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների վրա կատարել է 300 մլն դրամի նորոգման աշխատանքներ: Դարբինյանների սեփականությունը հանդիսացող «Արգիշտի-1»-ը և «Լոռի ՃՇՇ»-ն 2012-2013 թթ.-ին Վանաձորի ներհամայնքային ճանապարհների վրա 816,3 մլն դրամի կապիտալ և ընթացիկ նորոգման աշխատանքներ են կատարել նաև ՀՀ կառավարության հրատապ 5 ծրագրերով (դրանց կանդրադառնանք առաջիկայում):

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հայտնեց, որ Վանաձորի ներհամայնքային ճանապարհները վերանորոգելու համար մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը բանակցել է մարզի գրեթե բոլոր ճանապարհաշինական կազմակերպությունների հետ. «Միգուցե նրանց միջև կա ներքին պայմանավորվածություն, ես սա ցավոք սրտի եմ ասում, սակայն նրանցից ոչ ոք չցանկացավ աշխատել Վանաձորում»: Սամվել Դարբինյանը ասաց, որ մարզի մյուս կազմակերպությունների հետ որևէ պայմանավորվածություն չկա, պարզապես Ստեփանավանից , կամ Սպիտակից տաք ասֆալտը մինչև հասցնեն Վանաձոր' կսառչի, ասֆալտի որակը կընկնի, այդ պատճառով են մյուսները խուսափում Վանաձորում աշխատելուց:

Դարբինյանների սեփական ընկերությունները անցյալ տարի վերանորոգել էլ Տավուշի Բերդ բնակավայրի 40 կմ երկարությամբ ճանապարհը: «Այդ ժամանակ մենք մեր ասֆալտի գործարանը տարել, տեղադրել ենք հենց Բերդում, որը մեր ընկերության վրա մոտ 10 մլն դրամ է նստել»,- ասաց Սամվել Դարբինյանը: Գերմանական շարժական ասֆալտի գործարան մարզում միայն Դարբինյաններն ունեն: Այսուհանդերձ վանաձորցիները դժգոհում են քաղաքի ներհամայնքային անգամ վերանորոգված ճանապարհների վիճակից: «Ո՞վ է տեսել, որ քաղաքապետը ճանապարհների վերանորոգման համար և պատվիրատու և կապալառու լինի: Սամվել Դարբինյանը համայնքի բյուջեի եկամուտները իր մի գրպանից մյուսն է դնում: Աշխարհում տենց բան չկա: Դրա համար էլ Վանաձորը վատ ճանապարհներ ունի, իսկ Սամվել Դարբինյանը օրեցօր հարստանում է»,- ասացին Տիգրան Մեծի պողոտայում հավաքված մի խումբ վանաձորցի տղամարդիկ, ովքեր աշխատանքային անախորժություններ չունենալու համար խնդրեցին չհրապարակել իրենց անունները:

«Լոռի ՃՇՇ»-ի կողմից քաղաքի փողոցների վերանորոգման աշխատանքների կատարողական ակտերի գրանցումները փաստում են, որ վանաձորցիները չեն սխալվում: Սամվել Դարբինյանը 2011 թ.-ին Վանաձորի թվով 33 փողոցների և մայթերի 11787 քմ տարածքների վերանորոգման համար համայնքի բյուջեի եկամուտներից հատկացրել են 100 մլն դրամ: Նախատեսված 14 փողոցների նորոգման աշխատանքները «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից կատարողական ակտում գրանցվել են 2011-ի մայիսի 1-ից 14–ը, 15 փողոցների նորոգման աշխատանքներ նույն ակտում ձևակերպվել են հունիսի 15-30-ը: Ընկերությունը հատկացված 100 մլն դրամը ամեն գնով ծախսված ներկայացնելու համար օրացույցով գոյություն չունեցող հունիսի 31 ամսաթվով կատարողական ակտում գրանցել է Վանաձորի Աբովյան փողոցի 7,2 մլն դրամի, հունիսի 32-ով' Բանակի փողոցի 6,2 մլն դրամի և հունիսի 33-ով' Նժդեհի փողոցի 2,3 մլն դրամի նորոգման աշխատանքներ: Նշված կատարողական ակտը ընդունվել է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի կողմից և ուղարկվել է նաև «Հետքին»:

Սամվել Դարբինյանը 2012 թ.-ին բյուջեից 129,1 մլն դրամ է հատկացրել քաղաքի մայթերի և փողոցների նորոգման համար: Կատարողական ակտով Վարդանանց փողոցի՝ 2012-ի մայիսին վերանորոգված 1506,5 քմ, հունիսին վերանորոգված 722,5 քմ, Թումանյան հրապարակի 328 քմ և 95,1 քմ, Լոռվա հրպարակի 199 քմ վերանորոգված տարածքները, որոնք պետք է շահագործվեին առնվազը 2 տարի, 2013-ին Տիգրան Մեծի պողոտայում, Վարդանանց փողոցում և Թումանյան հրապարակում սկսված կապիտալ վերանորոգման ընթացքում շարքից դուրս եկել՝ փողոցների ներքին կումունիկացիաները փոխելու ընթացքում մոտ 18 մլն դրամի վնաս պատճառվելով համայքի բյուջեին:

Մանրամասները՝ այստեղ: