Հուլիսի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 16 անդամներից ներկա են գտնվել 12-ը: Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված է եղել չորս հարց. օրակարգի նախագծի հաստատում, Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի քննարկում, այլ հարցերի քննարկում, ինչպես նաև որոշվել է հաջորդ նիստի անցկացման օրը:
Օրակարգի հաստատումից հետո ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը'առաջարկելով օրակարգի հարցերի մեջ ներառել «Բարև Երևան» խմբակցության կողմից կազմված ուղերձը՝ կապված մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ: Հանձնաժողովի անդամի բարձրացրած հարցի վերաբերյալ հնչել են հանձնաժողովի այլ անդամների կարծիքները: Առաջարկության քննարկումը չի ընդգրկվել օրակարգում' ներկայացված փաստաթղթում իրավական հիմքերի բացակայության պատճառով:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու' հանձնաժողովի անդամներ Գրիգոր Մինասյանի և Արթուր Գասպարյանի առաջարկություններն ու դիրքորոշումները, որոնց առնչությամբ հնչել են կարծիքներ: Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումները կշարունակվեն հանձնաժողովի հաջորդ նիստին: Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն