Lragir.am. Ադրբեջանին Ռուսաստանի զենքի մատակարարումը եւ բոլոր հարակից հարցերը բավականաչափ բացվել են, բոլորը, ովքեր անհրաժեշտ են գտել, արտահայտվել են: Լիովին հասկանալի են դարձել ռուս-հայկական հարաբերությունների իրական ձեւաչափերը, շրջանակային շահերն ու հակասությունները, Ռուսաստանի աշխարհքաղաքական եւ գեոտնտեսական նպատակներն ու խնդիրները: Հավաքվել է բավական բովանդակալից դոսյե հայ շատ քաղաքագետների, փորձագետների ու մեկնաբանների վրա. շուտով պետք կգա: Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել տվյալ «բանավեճից»:
Ռուսաստանի ռազմաքաղաքական բլոկը, որը ձեւավորվել է որոշ ձեւաչափերով, այդպես էլ չի կայացել, իսկ այն ձեռքբերումները, որոնք կան, փլուզվում են: Հասկանալի են ռուսական ռազմավարության տապալման հիմնական գործոններն ու պատճառները, ինչպես եվրասիական, այնպես էլ տարածաշրջանային ռազմավարության, ինչը պայմանավորված է, նախեւառաջ, ռուս ժողովրդի խոր ու անդառնալի հասարակական, պետական-քաղաքական, էթնոդեմոգրաֆիական եւ կրոնական ճգնաժամով:
«Գործընկերների» շահերի «հանձնումը» կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւոր լծակ ու մոտեցում, ինչը կապված է նպատակների ու հնարավորությունների միջեւ հավասարակշռության բացակայության, երկարաժամկետ խնդիրների հանդեպ մոտակա խնդիրների առաջնահերթության հետ, որպես ռուսական պետության ու հասարակության «կայսերական» բնույթի կորստի, քաղաքականության չափազանց էկոնոմիզացիայի հետեւանք:
Ռուսաստանին չի հաջողվել առավել սերտ հարաբերություններ հաստատել ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի, ոչ Չինաստանի հետ, ինչը նրան դատապարտում է միջազգային գլոբալ մեկուսացման, այսինքն՝ գլոբալ մարգինալ դերի, որը ստիպում է ընդունել տնտեսության էներգահումքային մոդելը եւ տնտեսական ու քաղաքական դասի կոմպրադորական բնույթը:
Մոսկվան համոզվել է, որ չնայած Անկարայի հետ առավել սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ ձեւավորելու գործում անհաջողությանը, Թուրքիան հայտնվել է Արեւմտյան հանրության անցանկալի ու խնդրահարույց գործընկերոջ իրավիճակում, եւ կան ավելի վստահելի ռուս-թուրքական հարաբերություններ հաստատելու հույսեր: Այդ ուղղությամբ մոտեցումներից մեկը Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների հաստատումն է՝ որպես Թուրքիայի հետ մերձենալու գործոն: Ադրբեջանին զենքի մատակարարումները, այլ նպատակների, գերազանցապես՝ տնտեսական, կողքին, նպատակ ունեն ուժեղ ճնշում գործադրել Հայաստանի վրա, հարկադրել անհավանական զիջումներ, այդ թվում՝ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելը, ընդհուպ մինչեւ իշխանության փոփոխություն:
Տվյալ քաղաքականությունը կփլուզվի ավելի վաղ, քան Ռուսաստանը կհասցնի «հանձնել» Հայաստանի շահերը, այդ ուղղությամբ ռուսական քաղաքականության էությունը «հայերին զոհաբերելն» է: Լիովին հասկանալի է, որ նման հեռանկարում Ռուսաստանի վրա խաղադրույք դնելը նշանակում է տխուր հանգուցալուծման արագացում:
Ներկայիս «բանավեճը», հնարավոր է, Մոսկվան նախատեսել է գործընթացների արագացման եւ սկանդալի կազմակերպման համար, ինչը երեւում է պետք է զգուշավոր դարձնի Արեւմուտքին՝ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման վերաբերյալ հայտնի որոշումների նախօրեին:
Այդ նպատակին դժվար թե հասնեն, սակայն զուգահեռ նկատելի փոփոխություններ կատարվեցին հայ հանրության մեջ, ընտրված արտաքին քաղաքական կուրսի շարունակման անհրաժեշտության ընկալումներում:
Եվրոպական միության ստորաբաժանումներում եւ եվրոպական առաջատար պետությունների ԱԳ նախարարություններում լավ մշակվել են Մոսկվայի հնարավոր արձագանքների սցենարները Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: Զարմանք է հարուցում, թե որքան մանրամասն են մշակվել այդ սցենարները՝ եվրոպական վարչարարներին հատուկ դանդաղկոտության, սահմանափակ շահագրգռվածության պայմաններում: Ըստ ամենայնի, առկա է ընդհանուր համաձայնեցված քաղաքականություն: Դա եւս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման եւ որոշ այլ հարցերի «քննարկումը» պետք է ավարտել, դա արդեն անիմաստ է դարձել:
Հայաստանը պետք է դուրս գա քաղաքական այլ ասպարեզներ, ինչն արդեն տեղի է ունեցել, եւ հոգ տանել սեփական պաշտպանունակության մասին: Ռուսաստանի վերաբերյալ պետք չէ կտրուկ շարժումներ անել, Մոսկվան հենց դրան էլ սպասում է, նա ինքը կանի ամեն ինչ, ինչ միայն կարելի է սպասել: Անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա բարենպաստ գործոն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ:
Չնայած այսպես կոչված ռազմավարական գործընկերության բացակայությանը, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կան որոշակի ընդհանուր շահեր, ինչպես տարածաշրջանային քաղաքականության մասով, այնպես էլ ավելի լայն ընդգրկմամբ, եւ պետք է զբաղվել այդ խնդիրներով: Ռուսաստանին չի հաջողվի նկատելի հեռանկարում ինքզինքը պարտադրել որպես Հայաստանի հակառակորդ կամ արմատական ոչ բարեկամ, նրա հնարավորությունները սահմանափակ են: ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը կպայմանավորի նոր հեռանկարը, երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմը կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի լիակատար կորստին:
Եթե հայ-ռուսական պայմանագրային հարաբերություններն ապակազմակերպվեն, ապա միայն՝ զուգահեռ եւ պրոռուսական պաշտպանական բլոկի փլուզման արդյունքում: Հայաստանին արագացված դուրսմղումն այդ հարաբերություններից միայն կարագացնի ՀԱՊԿ-ի եւ «գործընկերների» հետ Ռուսաստանի այլ հարաբերությունների փլուզմանը: Այդ «գործընկերներն» արդեն սկսել են հարցեր տալ՝ իսկ ո՞րն է նրանց դերը Ռուսաստանի ծրագրերում, եթե ռուսներն այդպես են վարվել Հայաստանի հետ:
Կան աշխարհքաղաքական եւ քաղաքական բնույթի շատ այլ հետաքրքիր թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Օրինակ, Հայաստանի որոշ շրջանակների հետ Ռուսաստանի կապերի թեման, ինչն անմիջականորեն կապված է Հայաստանի ազգային անվտանգության հետ:
Իգոր Մուրադյան