Երթուղայինի թանկացումն այսօր սոցիալական մեծ բունտ է առաջացրել հասարակության զգալի շրջանում: Մարդիկ մեղադրում են քաղաքապետարանին' իրենց հիմնական բողոքն ու զայրույթը նրան ուղղելով:

Irakan.info. Քաղաքապետարանում, ի դեպ' մեր ունեցած տեղեկությունների համաձայն' դժգոհում են կառավարությունից, քանի որ, ըստ էության, կառավարությունը պետք է ստանձնի տրանսպորտի գնի թանկացումը: Այս իմաստով' որքանով է տեղին բողոքել քաղաքապետարանի դռների առջև' 50 դրամանոց կոպեկներ շաղ տալով, այլ ոչ կառավարության և, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, այնքան էլ հասկանալի չէ նաև մեզ համար: Իհարկե, իշխանությունները, այդ թվում քաղաքապետարանը, իր բազում մեղքերն ունի հասարակությանը սոցիալական ծանր վիճակին հասցնելու համար, սակայն այս պարագայում ճիշտ է առաջին հերթին կոպեկները շպրտել «շիլա» սարքողների ուղղությամբ:

Այս ֆոնին հատկապես հարկ ենք համարում հիշեցնել կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից վերջերս արված հայտարարությունը, ըստ որի' նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թանկացումները լինեն հօգուտ ժողովրդի, այլ կերպ ասած ժողովուրդն այդ թանկացումն իր վրա չպետք է շատ զգա: Բայց վաղվանից ինչպես արդեն հայտնի է' երթուղայինները թանկանալու են 50 տոկոսի չափով 100 դրամից դառնալով 150 դրամ' իհարկե ո'չ սպասարկման որակի բարելավման, ո'չ էլ վարորդների աշխատավարձերի բարձրացման հաշվին:

Մեկ բան պարզ է' տրանսպորտն այնքան ժամանակ կմնա այս վիճակում, քանի դեռ տրանսպորտի ողջ շահույթը գնում է անհատների' «գծի տերերի», իսկ ավելի կոնկրետ' պատգամավորների, նախարարների, քաղաքապետի գրպանը:

Մանե Մարգարյան