Քաղաքացիական հասարակությունը սաղմնային վիճակում է. նման կարծիք հայտնեց Tert.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Ըստ նրա, Հայաստանին առնվազն դեռ 20 տարի էլ պետք է, որպեսզի կարողանանք հայտարարել, թե ունենք կայացած քաղաքացիական հասարակություն։
«Իհարկե այն, ինչ տեղի ունեցավ այս 6 օրերի ընթացքում, նախադեպային կդառնա հետագայի համար, դեպի այն հասարակություն, որի մասին խոսում ենք, որը կկայանա 20 տարի հետո միայն, եթե ամեն ինչ լավ լինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կ. Քոչարյանը։
Նա նշեց, որ ինքն օբյեկտիվորեն է դատում, այսինքն՝ երբ այս սերունդն արդեն դառնա 35-40 տարեկան, այդ ժամանակ էլ ավելի հասկանալի կլինի, թե ինչ է ասել քաղաքացիական հասարակություն։
«Այսինքն՝ այն սերունդը, որ այս 6 օրը փողոցներում էր, երբ դառնա 35-40 տարեկան, արդեն ինքը կլինի որոշողը երկրում, այդ ժամանակ արդեն կարելի է կայացած համարել, ոչ թե այսօրվա նման՝ երեխա, պապային, մամային լսող, որ հիմա դուրս են եկել, կայֆ էր, շոու էր արեցինք, գնացինք»,- նշեց նա։
Քաղտեխնոլոգը հստակեցրեց, որ այս հաղթանակը չի կարելի շոշափելի համարել։
«Ի՞նչ են արել, որ շոշափելի է, երկու հատ բան չեն հաղթե՞լ՝ մի հատ Մաշտոցի պուրակ, մի հատ էլ այս։ Ո՛չ կարում են Ծածկած շուկայի հարց լուծեն, գազի գինը բարձրանում է, որը շատ ավելի շոշափելի է, քան այս 50 դրամներն են, նոյեմբերին արդեն կզգան մարդիկ, ծպտուն չեն հանում ոչ մեկ: Ինչը շոշափելի էր՝ փոքրիկ ձեռքբերում էր, իսկ դա շատ քիչ է, շատ քիչ։ Եթե քո երկրում օլիգարխները դեռ հարց են լուծում, եթե գծատերը դեռ օլիգարխներն են, իհարկե, շատ քիչ ա, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա։
Կարեն Քոչարյանը նշեց, որ, իհարկե, այս արդյունքը դաս կլինի իշխանությունների համար՝ հաշվի նստել հասարակության հետ, բայց դա չի նշանակում, որ ամեն հարցում կլսեն։
«Եթե լսեին, օրինակ շաքարն ու մնացած բաները մոնոպոլ վիճակում չէին լինի»,-եզրափակեց նա