ԳԱԼԱ-ին դիմել է «Հրազդանմանշ» արտադրական միավորման նախկին գլխավոր ինժեներ, ռադիոլոկացիայի գծով տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ՀՕՊ-ի արդիականացման գլխավոր կոնստրուկտոր Հակոբ Հարությունյանը՝ պատմելով, որ Արցախյան պատերազմում հակաօդային պաշտպանության առաջնահերթ հարցը եղել է Հայաստանին փոխանցված ռադիոլոկացիոն կայանների գործարկումն ու վերանորոգումը, որը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն ում անունը մոռացվել է:

Նշենք, որ ռադիոլոկացիոն կայանների միջոցով են հայտնաբերվում թռչող օբյեկտները:

«1992 թվականին, երբ արդեն շատ մեծ վտանգ էր սպասվում' Հայաստանի և Արցախի ռմբակոծությունները, ինձ Թելման Տեր-Պետրոսյանը ծանոթացրեց և ներկայացրեց Նորատ Տեր-Գրիգորյանցին' գլխավոր շտաբի պետին, իր մասին հիմա ուզում են մոռանան, հիմնականում դա է ինձ անհանգստացնում, ու շատ են նման դեպքերը, որ անունը չեն ուզում տան:

Ես եղել եմ հակաօդային պաշտպանության վարչությունում ռադիոտեխնիկական սպառազինությունների տեխնիկական շահագործման վարիչ, և քանի որ ամբողջ Անդրկովկասում միակ գործարանը, որ ռադիոլոկացիոն սերիական կայաններ է արտադրել, եղել է «Հրազդանմանշը», էն ժամանակ մենք իրավունք չունեինք դրանից խոսել, դա փակ թեմա էր, և «Հրազդանմանշ»-ում Թելման Հակոբովիչի, ոնց որ ասած, «դաբրոյով» սկսեցինք ռադիոլոկացիոն կայանների վերականգնումը, դրանց տեղադրումը Ղարաբաղում և Հայաստանում, որ չկարողանան գան ռմբակոծեն:

Ամբողջ պատերազմի ընթացքում Հայաստանի տարածքի վրա ընկել է ընդամենը մեկ ռումբ. զոհվեցին խաղաղ բնակիչներ, դա էլ եղավ էդ կամանդիրի մեղքով, որ ինքը ութ ժամ պետք է լոկատորը միացրած լիներ, չէր միացրել, որ սալյարկա տնտեսի:

Հակաօդային պաշտպանության հիմնական աշխատանքները Տեր-Գրիգորյանցն է կազմակերպել, բայց նրա անունը չեն հիշում:

Նա ծառայել է Աֆղանստանում, նորից գլխավոր շտաբի պետ, ու երբ որ ինքը եկավ Հայաստան, ի տարբերություն մյուսների, որ եկան ստեղ հարստացան, իրան ոչ մի բան պետք չէր, երբ արդեն թոշակառու էր, Ռուսաստանից եկավ, ասեցին՝ տես քեզ կալվածքներ կտանք, ամեն ինչ կտանք, ամբողջ ծառայության ընթացքում ապրել է, առաջ «Աստղ» էր կոչվում, հյուրանոցում, հետո իր շտաբում մի սենյակ ուներ այնտեղ, ու հետո նման տիպի մարդուն չեն ուզում հիշեն, իսկ դա նրանից եկավ, որ իր հետ հակասության մեջ մտան էն մարդիկ, որոնք բանակից շատ հեռու էին, բայց հիմա իրենց են վերագրում ամեն ինչ, որ բանակն իրանք են ստեղծել:

Իր հետ կոնֆլիկտի մեջ մտավ Վազգեն Սարգսյանը, ու ինքը հեռացավ Մոսկվա: Պատերազմում ու բանակի կայացման գործում նա մեծ դեր է ունեցել»:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն բարձրաձայնում նման մարդու անունը, և նա մոռացվում է սերունդների կողմից, Հարությունյանը պատասխանեց.

«Բարձրաձայնելու համար պիտի ասեն, թե ինչու նման մարդը հեռացավ Հայաստանից, զզվելով հեռացավ: 1993 թվականի օգոստոսին Տեր-Գրիգորյանցը գնաց պալիգոն Արագածի վրա, որտեղ սովետական ժամանակ տեղադրված էին լոկացիոն կայանները, և նրանք տեսնում էին, եթե օրինակ, Ալեքսանդրիայից ինքնաթիռը բարձրանում էր վերև, 100-150 մետրից արդեն գրանցում էին. Ինքը գնաց էդ կայանը նայելու, երբ որ վերադարձավ, մենակ մի բան ասեց՝ Армяне вы варвары, գնաց տեսավ, որ ամբողջ ռադիոլոկացիոն կայանը Արագածի դոշին ստեղի տեղական ղեկավարությունները տարբեր նպատակների համար քանդել են: Էդ կայանների մեջ կային տարբեր մեծ քանակի միկրոսխեմաներ, և նույնիսկ «Ноев Ковчег»-ում, որը Մոսկվայում է հրատարակվում, կայանի մասին գրված էր, որ նրանք արդեն այնքան էին թանկացրել տարեկան սպասարկման համար վարձակալման գինը, ու ռուսները հրաժարվեցին այդ տարածքներից (Կայանը կոչվում էր Գաբալինի: Վարձակալման գումարը բարձրացրել են ադրբեջանցիները եւ ռուսական կողմը հրաժարվել է):

Մեր կայանն այնքան էլ մեծ չէր, բայց եթե մնար, կծառայեր և Ռուսաստանի, և Հայաստանի շահերին: Տեր-Գրիգորյանցը դրանից հետո հանդիպումներ ունեցավ Ռուսաստանում, ռուսները համաձայնեցին այն վերականգնել, ասեցին՝ վերականգնենք մեր միջոցներով, 80%-ը մենք կտանք, 20%-ը դուք, և Հայաստանի կառավարությունը ոչ մի բան չարեց, որ դա վերականգնվի:

Իսկ իրանք ինչի էին իրան հանում, որովհետև այդ թվերին Վազգեն Սարգսյան, նույն ինքը՝ Սերժ Սարգսյան կային. նրանք էին այդ մթնոլորտը ստեղծել, որ ինքը թողեց գնաց, թող ներեն ինձ, բայց ռազմական տեսակետից իրանք ոչինչ էին Տեր-Գրիգորյանցի կողքին, որովհետև ռազմական կրթություն չունեին, իրանք հայրենասիրական միտումներով շատ գործ արեցին, բայց հիմնական տակտիկան մշակվել է մի քանի մարդկանց կողմից, ու ոնց որ Կոմանդոսի անունը տալ չէին ուզում, նոր վերջերս սկսեցին մի քիչ տեղ տալ:

Կոմանդոսն է երկու-երեք հոգու հետ, որոնք դաշնակներ էին, Շուշին գրավել. դաշնակցականների գունդ ա եղել, դրա մասին չեն ասում, ինչի՞ չեն ասում...

Այն ժամանակ մարդիկ, որոնք կառավարության մեջ են եղել, ամեն տիպի բան արել են ու ուզում են ամեն հաղթանակ վերագրեն իրանց, որ իրենք են հարձակումը կազմակերպել, իրենք են ամեն ինչ արել, բայց այդ հարձակումը կազմակերպելու համար պետք էին հատուկ ստրատեգիա իմացող զինվորականներ:

Այդ մարդկանց անունները չեն տալիս, որովհետև ուզում են ամեն ինչ վերագրեն իրենց ու իրենց մարդկանց, որոնցից մեկը Վազգեն Սարգսյանն է եղել, այն ժամանակ, երբ ինքը ՊՆ նախարար էր, Տեր-Գրիգորյանցի հետ հակասությունը բերեց նրան, որ Տեր-Գրիգորյանցը հետ գնաց Մոսկվա:

Նույնը Կոմանդոսին ինչ-ինչ պատճառներով Ղարաբաղից տեղափոխեցին և բերեցին Հայաստան, արգելում էին Ղարաբաղ գնալ, երկու օր հետո իմացա, որ փախել գնացել է Ղարաբաղ, բայց Ղարաբաղի ճանապարհին կանգնացրել են մեքենան, ճանաչել Կոմանդոսին ու Վազգեն Սարգսյանի հրամանով հետ վերադարձրել, ինչի՞ համար, թող Կոմանդոսն ասի, դա էլ է թաքնված էջերից մեկը:

Երբ Տեր-Գրիգորյանցը գնաց Մոսկվա, Թելման Տեր-Պետրոսյանը գնաց հետևից, խնդրում էր, որ հետ վերադառնա, ու վերադարձավ, իսկ նույն թվականի դեկտեմբերին էլի հարց եղավ վայ-զինվորականների հետ, ու ես իմացա, որ ինքը գնում է ու հետ չի գալու:

Մտա կաբինետ, ասեցի՝ ես Ձեզ հետ եմ եկել ստեղ, ես ել չեմ ուզում մնամ, ինձ զորացրեք, անմիջապես ռապորտը գրել եմ, ինքը ստորագրել ա:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանը խնդրեց, որ հետ գամ ու սկսեմ զինվորական տեխնիկայի նորոգումները, լոկացիոն վերանորոգումներն արեցինք մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, հունվարի մեկից բոլոր պատվերները ռադիոլոկացիայի գծով հանվեցին, բոլոր պատվերները նախարարի հրամանով իր անձնական պատճառներով, ու պատվերները տվեցին մի գործարանի, որը պատկերացում չուներ, թե ռադիոլոկացիոն անտենան ինչ է իրենից ներկայացնում»:

Իսկ թե ի՞նչ անենք, որ Արցախյան պատերազմի պատմությունը ճիշտ լինի ու բոլոր հերոսների անունը հիշվի, Հարությունյանը նշեց.

«Որոշ ամբիցիաներ պիտի հանվեն մարդկանց միջից, ու որոշ մարդկանց էլ պիտի ասենք՝ ճշմարիտը ասեք, ես չեմ ասում իմ անունը տան. հակաօդային պաշտպանությունը վերականգնվել է հիմնականում Տեր-Գրիգորյանցի շնորհիվ, ինչի՞ իրա ազգանունը չպիտի լինի առաջին տողերում…»:

Սեդա Ղուկասյան

ՀԳ. Նախորդ ամիս, երբ ԳԱԼԱ ՀԸ նկարահանող խումբը մեկնել էր Մոսկվա,բացառիկ հարցազրույց էինք ունեցել պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, ով ինչպես արդեն նշվեց, անգնահատելի ավանդ է ունեցել Արցախյան հերոսամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում։ Նա այժմ էլ բնակվում է Մոսկվայում: Դարձյալ ներկայացնենք հարցազրույցն՝ ամբողջությամբ: