Hraparak.am. Այս իշխանություններն ու այս կառավարությունը շատ շուտով կասեն, որ եթե արևը դուրս է գալիս արևելքից և մայր է մտնում արևմուտքում, դա տեղի է ունենում իրենց շնարհիվ: Չզարմանաք, խնդրում եմ, բայց կառավարության վերջին նիստում վարչապետի արած նմանատիպ մի հայտարարությունից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անցել է նույնիսկ անհամեստության բոլոր սահմանները: Ծանոթացեք, խնդրեմ, մեր համեստագույն նախարարի նույնքան անհամեստ մտքին. ՙԱյսօր տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ընդվզում, ինչը այս կառավարության եւ այս իշխանությունների ձեռքբերումն է և իրենց քաղաքականության արդյունքը»: Երևի պետք է ասել՝ կեցցեն մեր իշխանությունները, որ թույլ են տալիս քաղաքացիական հասարակությանը գոնե բողոքել: Այդքան մարդկային չլինեին այս կառավարությունն ու այս իշխանությունները, քաղաքացիական հասարակություն չէր լինելու, հետևաբար նաև բոլորը սուսուփուս վճարելու էին 150 դրամ: Մոտավորապես այսպիսի բան է ասել մեր թիվ մեկ արդարադատը: Հետևելով նրա տրամաբանությանը՝ կարելի է բխեցնել, որ մեր կառավարությունն ու իշխանությունները օրումեջ կարող են սադրիչ որոշումներ ընդունել, ժողովրդին հանել փողոց ու հայտարարել, որ իրենք լավն են, որ մարդկանց պատեպատ դիպչելը, երթով այս ու այն նստավայրի մոտ հավաքվելը, իշխանություններին հայհոյելը, թքելը, մրելը հենց իշխանությունների ձեռքբերումն է: Երևի պետք է մի հատ էլ շնորհակալություն հայտնենք մեր իշխանություններին:
Բնականաբար, զառանցանք է այն միտքը, թե երկրում քաղաքացիական հասարակության առկայությունը իշխանությունների ձեռքբերումն է: Հայաստանի պարագայում դա նույնիսկ ուղեղի մորմոք է, որովհետև այս նույն հասարակությունը ընդամենը ամիսներ առաջ ՙբարձր՚ գիտակցությամբ վերընտրում էր այս կառավարությանը, այս իշխանություններին և այս քաղաքապետին՝ ընտրակաշառք վերցնելով, «գազելների» մեջ կզած՝ ընտրությունների բերվելով, թաղի խուժանի և թագավորիկների գոնե մեկ ժպիտին արժանանալու ստորաքարշությամբ, համատիրություններից մինչև թաղապետարան ձգվող շղթայի բոլոր օղակներն իրենցով արած ՀՀԿ-ականների մոտ յուրային դիտվելու մանր ժուլիկությամբ: Եթե ճիշտը խոսենք՝ մեր հասարակության այս որոկներն են կառավարության ու իշխանությունների ձեռքբերումը: Սրա հետ լրիվ համաձայն ենք: Բայց ասել, որ Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը հայաստանյան այս իշխանությունների ձեռքբերումն է, հաջողությունը և հաղթանակը, մեղմ ասած՝ թյուրիմացություն է:
Ժամանակն է հասկանալու, որ մարդկային հասարակությունը զարգացման իր կանոններն ունի, որոնց ենթարկվում են նաև իշխանությունները, եթե, իհարկե, դրանք Հայաստանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Թունիսի, Ադրբեջանի, Լիբիայի և էլի ուրիշ իշխանությունների նման ինքնասիրահարված իշխանություններ չեն: Իշխանությունները կարող են միայն խոչընդոտել, դանդաղեցնել հասարակության զարգացումը, բայց կասեցնել չեն կարող: Իսկ երբ հասարակության բողոքը մի գեղեցիկ օր հաղթահարում է խոչընդոտը, դա երբեք չի նշանակում, որ իշխանության շնորհիվ եղավ: Ոչ, պարզապես հասարակությունը հասավ որոշակի մակարդակի, որտեղ արդեն իշխանության պրեսսինգը չդիմացավ և նա գնաց զիջումի: Նկատենք, որ բոլորովին վերջերս գահընկեց արված ռեժիմներն իրենց վերջին օրերին մի բան էին աղերսում հասարակությունից՝ նստել բանակցությունների, զիջումներ էին խոստանում: Նորմալ իշխանությունները հենց այդպես էլ պիտի վարվեն, պիտի գնան զիջումների, պիտի փորձեն հնարավոր բոլոր ճանապարհներով խուսափել հասարակության հետ առճակատումից: Հասարակության հետ առճակատումը երևի թե ամենաանիմաստ բանն է՝ հղի ամենատխուր հետևանքներով բացառապես իշխանությունների համար: Ծովի ալեկոծումը չես կանգնեցնի ոչ որոշումներով, ոչ ոստիկանության և ոչ էլ բանակի ուժերով: Հզոր նավերը հիմա նույնիսկ ամենաուժեղ փոթորիկներն են դիմագրավում, բայց և անզգուշությունից կարող են ծովի հատակում հայտնվել, ինչպես դա եղավ «Տիտանիկի» հետ:
Հասարակության օրենքները շատ մոտ են ծովի օրենքներին, և թշվառ են այն կառավարություններն ու իշխանությունները, որոնք պնդում են, թե իրենց ձեռքբերումն է այդ ծովը: Ոչ, հարգելիներս: Կառավարություններն ու իշխանությունները ընդամենն այդ ծովի ալիքների գլխին հայտնված փրփուրն են, որ երբեմն-երբեմն նույնիսկ անհետանում է, երբ ծովը հանդարտ է, այսինքն՝ երբ հասարակությունը իր իշխանությունների մասին չի էլ հիշում: Բայց բավական է իշխանություններն իրենց գոյության մասին հիշեցնեն հասարակությանը, օրինակ՝ տրանսպորտը թանկացնեն, բյուջեն լափեն, բանակում զինվոր սպանվի ու նման բաներ, ծովը ալեկոծվում է, փրուրն առանձնացնում ջրերից ու փորձում ափ նետել:
Մեր դարում՝ բաց հասարակություններ, համացանց, փակ սահմանների բացակայություն, գիտության ու տեխնիկայի ամենազարմանահրաշ ձեռքբերումներ, իշխանությունների գործն ավելի դժվար է: Առաջ, եթե սարերում կորած մի գյուղում հանկարծ հանրահավաք տեղի ունենանար և մի փոքրիկ հարց լուծվեր գյուղացիների համար, կարող էր տանուտերը գլուխ գովել, թե տեսեք՝ ես ինչքան ժողովրդասեր մարդ եմ, որ քյոխվին չհրամայեցի ձեզ մտրակով քշել: Հիմա նույնը անում են մեր իշխանությունները՝ ասում են, մեր շնորհիվ է, որ դուք կարողանում եք ցույց ու միտինգ անել: Այսինքն ի՞նչ՝ մենք սարերում կորած գյուղի բնակի՞չ ենք, չգիտե՞նք, թե ինչ է կատարվում աշխարհում, չե՞նք տեսնում, թե մարդիկ ինչպես են պայքարում իրենց իրավունքների համար: Մենք ուրիշ հասարակությունների մակարդակին գուցե և չենք հասել, բայց, մեզ թվում է, նաև այն մակարդակին չենք, որ մտածենք, թե մեր ունեցած ազատություններն այս իշխանությունների և այս կառավարության ձեռքբերումն է: Սակայն ասել, որ այս իշխանություններն ու այս կառավարությունը ձեռքբերումներ ընդհանրապես չունեն, ճիշտ չի լինի: Քանի դեռ մեր հասարակությունը չի հասել առաջավոր հասարակությունների մակարդակին, այս կառավարությունն ու այս իշխանությունները ձեռքբերումներ դեռ կունենան: Մենք կշարունակենք արտագաղթել, կշարունակենք մնալ առանց աշխատանքի, չենք ունենա ապահով ծերություն, մեր ջահելները չեն ամուսնանա, տնտեսություն չենք ունենա, բանակ չենք վերազինի և այլն, և այլն: Սրանք են մեր կառավարության և մեր իշխանությունների ձեռքբերումները: Եթե շատ ուրիշ«ՙձեռքբերումներ» էլ չհիշեցինք, թող ներող լինեն:
Բնական զարգացման արդյունքում հասարակությունները միշտ էլ հասնում են այն կետին, որից հետո սկսում են նորմալ ընտրություններ անել ու նորմալ իշխանություններ ձևավորել: Այսինքն, նորմալ իշխանությունը նորմալ հասարակության զավակն է: Մեր իշխանությունները հակառակն են պնդում այսօր: Նրանք ասում են՝ մենք ենք ծնել այս հասարակությունը: Ծիծաղելի է, պարոն արդարադատության նախարար:


Էդիկ Անդրեասյան