Lragir.am. Օգոստոսի 1-ին Երեւանում գործում է փողոցային ավտոկայանատեղիների այսպես ասած նոր համակարգ, որը համարվում է քաղաքակիրթ: Ըստ այդ նոր համակարգի, Երեւանի փողոցներում մայթեզրերի մոտ կատարված են կարմիր գծանշումներ, որոնք վճարովի կայանատեղիներն են: Այդտեղ կայանողները մեկ ժամի համար 100 դրամ պետք է վճարեն, որը տեղական տուրք է, որի 70 դրամը սակայն գնալու է մասնավոր կազմակերպության:
Մասնավոր կազմակերպությանն այդ բիզնեսը հանձնել է Երեւանի քաղաքապետարանը: Մասնավոր կազմակերպությունն ընդամենը տեսախցիկներ է տեղադրում կայանատեղիների այդ հատվածներում ու հաշվում կայանված մեքենաները՝ քանակն ու կայանման ժամը: Անվտանգության համար այդ կազմակերպությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Առավելագույնը, կարող է տալ տեսախցիկի ձայնագրությունը, որպեսզի մարդը տեսնի, թե ով կոտրեց կամ գողացավ իր մեքենան:
Հիրավի, այդ ամենը ձայնագրելը չափազանց մեծ ու ծախսատար աշխատանք է, եւ տուրքի 70 տոկոսը երեւի նույնիսկ քիչ լինի այդ մասնավոր կազմակերպության քրտնաջան ծառայության համար:
Ամենահետաքրիրը տուգանքն է՝ 5000 դրամ: Այսինքն, եթե երեւանցին գա, իր իսկ քաղաքի հանրային տարածք համարվող փողոցում կարմիրով գծանշված մասում կայանի եւ հինգ րոպեի ընթացքում բջջային հաղորդագրությամբ չվճարի կայանման առնվազն մեկ ժամի համար, նրան սպառնում է 5000 դրամ տուգանք: Բազմաթիվ վարորդներ արդեն իսկ ստացել են այդպիսի տուգանքներ:
Սա պարզապես թալան է, այն էլ ոչ թե թաքնված, այլ բացահայտ տեսախցիկով:
Ինչու՞ է թալան: Նախ, որովհետեւ Երեւան քաղաքում կան հատվածներ, որտեղ կարմիր գծանշումով կայանատեղիներ չկան: Ընդ որում, կան փողոցներ, որտեղ գծանշումը ավարտվում է, եւ այնտեղ կարող է կրկին մեքենա կայանել: Ուրեմն, ինչ տրամաբանությամբ սեփական քաղաքի փողոցի մի հատվածից օգտվողը պետք է վճարի կայանատեղիի համար, իսկ չանելու դեպքում հայտնվի հիսունապատիկ տուգանքի վտանգի տակ:
Կամ, ինչ տրամաբանությամբ է փողոցի մի հատվածը դառնում վճարովի, այդ թվում խանութների, աշխատավայրերի, բնակելի տների դիմաց, իսկ նույն փողոցի մեկ այլ հատված, որտեղ ասենք բարձրաստիճան պաշտոնյաների խանութներ են, պետական գերատեսչություններ, փողոցներում կայանատեղին անվճար է: Ո՞րն է տրամաբանությունը: Թալանել «օտար» քաղաքացիներին, խնայելով յուրայինների՞ն:
«Հայաստանում ձեւավորվում են քաղաքացիական հասարակության ուժեր, եւ դա պարտավոր ենք հաշվի առնել պետական որոշումներ կայացնելիս», ասել էր Տիգրան Սարգսյանը, կառավարության նիստում քննարկելով տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:
Հասարակության ո՞ր շահն է հաշվի առել վարչապետի կուսակցական ընկեր Տարոն Մարգարյանը, կայացնելով վճարովի կայանատեղիների վերաբերյալ որոշումը:
Այն, որ Երեւանում փողոցային կաանատեղիների հարցը պետք է կարգավորվեր, անխոս: Այլապես, մարդիկ մինչ այդ էլ վճարում էին, բայց հայտնի չէ, թե ում գրպանն էր գնում առյուծի բաժինը:
Բայց, իրավիճակի քաղաքակրթումը բոլորովին չի նշանակում քաղաքակիրթ թալան վայրի հանդգնությամբ:
Ո՞ր տրամաբանությամբ է քաղաքացին իր սեփական քաղաքի հանրային տարածքից օգտվելու համար վճարում մասնավոր ինչ որ կազմակերպության, ընդ որում տեղական տուրքի 70 տոկոսը:
Եթե քաղաքացին վճարում է հանրային տարածքն իր անձնական նպատակին՝ այսինքն մեքենայի կայանմանը ծառայելու համար, ապա պետք է վճարի հենց ինքն իրեն, որովհետեւ փողոցը, քաղաքը իրենն են այնքան, ինչքան կայանատեղիի հաշվին հարստացողներինը: Իսկ ինքն իրեն վճարելու տարբերակը դա ամբողջ փողը քաղաքապետարանի բյուջե վարելն է, թեեւ եթե քաղաքացին տեղյակ լինի, թե ինչպես է մսխվում այդ բյուջեն, կհամոզվի, որ նույնիսկ այդ դեպքում ինքն իրեն չի վճարում:
Կայանատեղիների հարցը լուծելու համար պետք էր ոչ թե գերշահութաբեր բիզնես ապահովել մասնավոր կազմակերպության համար, այլ ստեղծել պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որը կկառավարեր վճարովի ավտոկայանատեղիները քաղաքում, իսկ վճարը կգանձեին այսպես ասած «պարկովշիկները», բայց արդեն քաղաքակիրթ տեսքով, օրինականորեն գրանցված հաստիքներով: Այդպես նաեւ կլուծվեր մի քանի հարյուր ընտանիքի սոցիալական հարց:
Իսկ այժմ, քաղաքապետարանի որոշումով, գործազրուկ է մնում մի քանի հարյուր մարդ, որոնք Երեւանում կայանատեղիների փող էին հավաքում: 


Ջեյմս Հակոբյան