Առողջապահության նախարարության հեղինակած «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման» նոր հայեցակարգը կառավարության հավանությանն է արժանացել 2013թ. մայիսի 29-ի նիստի ժամանակ: Հայեցակարգից բխող կառավարության որոշումները դեռ չեն հաստատվել և գտնվում են քննարկման փուլում: «Մենք առաջարկել ենք կառավարությանը վերանայել պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը՝ առաջնահերթությունը տալով ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիներին»,- Tert.am-ին փոխանցեց պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318 որոշման 1-ին հավելվածով հաստատվել էր պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված են բնակչության 22 խմբեր: Այդ խմբերում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 950 հազար մարդ (առանց զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների): Ըստ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի՝ անվճար բժշկական օգնություն ստացող սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը, մի կողմից՝ հավասարաչափ չի արտացոլում դրանում ընդգրկված բոլոր քաղաքացիների կարիքավորության աստիճանը, մյուս կողմից' իր ընդգրկմամբ և թվաքանակով չի համապատասխանում պետության առկա ֆինանսական հնարավորությունները:

«Այդ ցանկերում ընդգրկված անձանց մեծ թվաքանակը, որ կազմում է բնակչության ավելի քան 30 տոկոսը՝ զուգորդված բյուջետային ֆինանսավորման սահմանափակ ծավալների հետ, բերում է նրան, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների գները հաճախ սահմանվում են իրական ծախսերի մակարդակից ցածր, ինչն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և ստվերային շրջանառություն' բացասաբար ազդելով նաև մատուցված ծառայությունների որակի և մատչելիության վրա,- բացատրեց պաշտոնյան,- հայեցակարգում ասված է, որ սոցանապահով խմբերի ցանկի վերանայման հետ միաժամանակ անապահովության միավորի շեմը կարող է սահմանվել ավելի ցածր՝ ներկայիս 36.00-ի փոխարեն, ինչը թույլ կտա ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը»:

Արդյոք նախագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում սոցիալապես անապահով խավի մոտ դժգոհության ալիք չի՞ բարձրանա հարցին՝ Սարո Ծատուրյանը պատասխանեց, որ համավճարի առաջարկվող սկզբունքը 2011թ-ից փորձարարական կարգով արդեն իսկ կիրառվում է հանրապետության առանձին բուժհիմնարկներում՝ Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արաբկիր» ԲԿ և այլն:

«Ինչպես ցույց տվեց փորձը՝ բնակչությունը հիմնականում ըմբռնումով է մոտենում այս հարցին և դժգոհություններ չեն առաջանում, քանի որ ի սկզբանե համավճարի նպատակը կայանում էր ոչ թե բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելու, այլ առկա ստվերային վճարումները օրինականացնելու և կառավարելի ու վերահսկելի դարձնելու մեջ: Այլ կերպ ասած՝ այն ծախսերը, որ բնակչությունը նախկինում ևս կատարում էր այս ծառայությունների դիմաց, համավճարի ներդրմամբ՝ օրինականացվում են և ուղղվում բուժհիմնարկի դրամարկղ, ինչն էլ թույլ է տալիս բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը և նվազեցնել ստվերային դրամաշրջանառությունը»,- նշեց Սարո Ծատուրյանը:

Իսկ հնարավո՞ր է, որ 13 հազար կամ 25 հազար դրամ թոշակ ստացող 3-րդ խմբի հաշմանդամը, ով ինչ-ինչ պատճառներով չունի նպաստառուի կարգավիճակ, կարողանա օգտվել համավճարի սկզբունքից: Սարո Ծատուրյանի համոզմամբ՝ 3-րդ խմբի հաշմանդամությունը դեռևս չի նշանակում աշխատունակության լրիվ կորուստ, այսինքն՝ տվյալ անձիք անաշխատունակ չեն և կարող են աշխատել: Նախագծի հեղինակները համոզված են, որ աղքատության բարձր շեմ ունեցող մարզերում անգամ այն ըմբռնումով կընդունվի: