Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն' ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզում ոստիկանական համակարգում սկսվել են կադրային վերադասավորումներ: Համակարգում նախկինում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած որոշ անձինք ուղարկվել են կադրերի ռեզերվ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրերի ռեզերվ էր ուղարկել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը' ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Ավետիսյանին: Այդ ժամանակ ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե նորմալ առաջարկություն չեղավ, իր եղբայրը դուրս կգա համակարգից:

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ իր եղբայրն այլեւս չի սպասել եւ ինքնակամ դիմում է գրել ու գնացել թոշակի: «Կադրերի ռեզերվ էին ուղարկել, այլ աշխատանք չեն առաջարկել, մենք էլ որոշեցինք էլ չսպասել, դիմում է գրել' թոշակի գնա, որպեսզի հետո այլ աշխատանքի գնա, բայց ոչ այս համակարգում, այլ ուրիշ»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը, ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանը այլ առաջարկ չարեց Ձեր եղբորը. մեր այս հարցին ԱԺ պատգամավորը տվել է հետեւյալ պատասխանը. «Ինձ չի էլ հետաքրքրում, հարմար չեն գտել, հարմար գործ չեն առաջարկել, ես այդտեղ որեւիցե բան ասել չեմ կարող, ես դրանից ո´չ սրտնեղվում եմ, ո´չ էլ վատ եմ զգում»: Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ իր եղբայրն աշխատանքի է անցնելու մաքսային ծառայությունում, իսկ թե կոնկրետ ինչ պաշտոնի' ԱԺ պատգամավորը չմանրամասնեց:

«Պարտադիր չէ բարձր պաշտոն ունենա, բայց համենայնդեպս այդ համակարգի եւ իրա նախկին աշխատած տեղերի հետ ոնց որ որոշակի մոտեցումներ կան, դրա համար»,- ասել է նա:

Փայլակ Ֆահրադյան