Նախօրեին Վանաձորում բացահայտված երեխայի առուվաճառքի գործով, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը և մարզպետարանի երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից' 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից' 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին: «Հրապարակ»-ը նաև գրում է, որ երեկ առավոտից անջատված էին Նարեկ Սարգսյանի և Արշալույս Հարությունյանի բջջային հեռախոսները։ Վերջինիս հետ հաջողվել է կապ հաստատել ժամը 16-ի մոտակայքում։ Մանկատան տնօրենը հաստատել է, որ երեխան, իսկապես Վանաձորի մանկատան սաներից է, այնտեղ է գտնվում հուլիսի 22-ից։ Ապա նաև նշել է, որ երեկ հրավիրվել են ոստիկանություն՝ որպես գործով վկա, թեև, ըստ օրաթերթի, հաղորդագրության մեջ նշված է անմիջապես փողոցից նրան ձերբակալելու մասին։ Մանրամասները կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի' 07.08.2013թ. համարում: