Օգոստոսի 7-ին Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է այդտեղ հայտնված կովին և դուրս եկել թռիչքուղուց, գրում է podrobnosti.ua-ն:

Միջադեպի պատճառով օդանավակայանի ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները՝ ուղևորներին տարհանելու համար:

Ինչպես պատմել են օդանավակայանի աշխատակիցները, վայրէջքի ժամանակ օդաչուն նկատել է թռիչքուղու վրա հայտնված 3 կովերի և փորձել խուսափել նրանց հետ բախումից, սակայն հնարքը չի հաջողվել, և ինքնաթիռի անիվներից մեկը հարվածել է կովին: Դրա հետևանքով խափանվել է ինքնաթիռի արգելակման համակարգը, և օդանավը դուրս է շպրտվել թռիչքուղու սահմաններից:

Ուղևորները և անձնակազմը չի տուժել: Կովի «ճակատագրի մասին» ոչինչ չի հաղորդվում: