Galatv.am. Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող Սուրեն Սահակյանը այժմ հետազոտություն է անցնում հիվանդանոցում: Բժիշկները գրեթե վստահ են, որ Սուրենի վատ ինքնազգացողության պատճառը արևահարությունն է: Ինչպես արդեն նշել էինք, Գոռ Առաքելյանի քթից երեկ էլ արյուն է եկել: Բժիշկները Սուրենի միջոցով նստացույց անող մյուս տղաներին արևահարությունից պաշտպանվելու խորհուրդներ են փոխանցել:

Չնայած այս ամենին՝ տղաներն իրենց պահանջների հարցում շարունակում են մնալ վճռական և վստահեցնում են, որ երբ Սուրենն առողջանա, նորից կմիանա իրենց:

Վահագն Մինասյանի հետ զրուցեցինք նաև երեկ «Ազատություն» ռադիոկայանին Տարոն Մարգարյանի տված հարցազրույցից: Տ. Մարգարյանը նշել էր, որ ինքը չի պատրաստվում կատարել երեք անձանց պահանջները և վստահություն հայտնել, որ ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների: «Եթե մենք ցույց ենք տալիս իրավական հիմքեր, որոնցում ներկայացված են պաշտոնյաների օրինախախտումներ, ապա թեկուզ մեկը պահանջի, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն: Քաղաքապետի նույն տրամաբանությամբ կարող եմ ես որևէ բանկ թալանել, կաշառել աշխատակիցներին, որպեսզի չբողոքեն, բողոքի միայն օրինակ' բանկի կառավարիչը և ասենք՝ քանի որ միայն բանկի կառավարիչն է բողոքում, հանրության համար ընդունելի չէ այդ պահանջը: Քաղաքապետարանում արդեն անմեղսունակի տպավորություն են թողնում»,- ասում է Վահագնը և հավելում, որ այն, որ Տարոն Մարգարյանը իրենց է մոտեցել և հրավիրել խոսելու, բացարձակ սուտ է: Վահագնը պատմում է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետարան գնալիս է եղել, երբ ինքը «Վե´րջ ապօրինությանը, սա ՀԱՆՐԱպետություն է» գրվածքով պաստառը ձեռքին մոտեցել է նրան: «Նա անգամ չկանգնեց, քայլելով ուղղակի հարցրեց' ոնց եք, ասացի' վատ, ասաց՝ հրավիրել եմ բանակցությունների, ասացի, որ հրավեր չի եղել, ասաց՝ հենց հիմա հրավիրում եմ, երբ որոշես, կբարձրանաս ու անգամ չսպասելով իմ պատասխանին' մտավ շենք,- պատմում է Վահագնը և հավելում,-եթե Տարոն Մարգարյանը հրավիրում է խոսելու, ուրեմն ասելիք ունի, ուստի թող ինքն իջնի քաղաքապետարանի մոտ և ոչ միայն ինձ, այլ հանրությանը ներկայացնի իր ասելիքը»:

Վահագնը նշում է նաև, որ քիչ առաջ իրեն մոտեցել է մի անծանոթ և տվել մոտ 200 թռուցիկ՝ «Երեքից մեկն էլ ես եմ » գրվածքով:

Վահագնը կարծիք է հայտնում, որ քաղաքապետարանը մեկը մյուսի ետևից սխալ հայտարարություններ և քայլեր է անում: «Չի բացառվում, որ շուտով Տարոն Մարգարյանը կհայտարարի, որ Միսակ Համբարձումյանը և Հենրիկ Նավասարդյանը քաղաքակիրթ մարդիկ են և չեն հայհոյել անգամ փոքր ժամանակ»:

Իսկ նստացույցից պատվով դուրս գալու միակ տարբերակը տղաները համարում են իրենց պահանջների բավարարումը:

Ի դեպ, Ժառանգության « Բարև Երևան» դաշինքն այսօր հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան տրանսպորտի գնի թանկացման որոշման և դրա իրականցման հետ կապված ապօրինությունները քննության առնելու պահանջով: Խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ներկայացրել է հայցադիմումի հիմքերը: «Երևանի քաղաքապետի կողմից թույլ են տրվել անթիվ -անհամար խախտումներ գործող օրենքների, դրանց կիրառման և մեկնաբանության տեսանկյունից, և վարչական դատարանի համար այնքան էլ հեշտ չի լինի դրանք շրջանցելը»,- նշում է Սաֆարյանը և բացատրում, որ տրոլեյբուսների սակագների բարձրացման որոշում ընդունելու որևէ լիազորություն քաղաքապետը չունի, քանի որ ՀՀ գործող օրենսդրությունը դա թույլ չի տալիս, իսկ այս պարագայում քաղաքապետն իրեն վերապահել է օրենսդիր լիազորություններ: Քաղաքապետը խախտել է նաև երթուղայինների և ավտոբուսների սակագնի բարձրացման կարգը: Մասնավորապես Սաֆարյանն ասում է, որ 48 երթուղիների համար ներկայացված հայտերի բավարարման գործընթացում քաղաքապետը կայացրել է անհատական որոշումներ, բայց դրանք տիպիկ նորմատիվ ակտի հատկանիշներ ունեն և տարածվում են բոլոր երթուղիների վրա:

Սաֆարյանը նշում է նաև, որ խախտումներ կան նաև տրանսպորտի գնի թանկացման ակտի հրապարակման հետ կապված: Քաղաքապետարանի կայքում դրվել է տրանսպորտի գնի թանկացման քաղաքապետի որոշումը և դրանից անմիջապես հաջորդ օրը սկսել են թանկ սակագնով գումար գանձել քաղաքացիներից, մինչդեռ իրավական ակտերի օրենքի համաձայն՝ ակտը ուժի մեջ է մտնում 10-օրյա ժամկետում:

Արաքս Մամուլյան