«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը մայիսին է ընդունվել ԱԺ-ում, վերջերս մեծ աղմուկ է առաջացրել' օրենքում տեղ գտած «սեռ» եզրույթի հետ կապված. ըստ այդ օրենքի' այն համարվել է ձեռքբերովի վարք: Օրենքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ ճշտելու համար՝ արդյոք վերջինս վտանգ տեսնո՞ւմ է նախագծում տեղ գտած որոշ դրույթների հետ կապված. «Կարծում եմ, որ այս նախագծի հետ կապված աղմուկն անտեղի է, որովհետև այդ օրինագիծը շատ երկար քննարկվել է և հասարակական կազմակերպությունների, և իրավաբանական կազմակերպությունների հետ, ԱԺ-ում էլ ենք երկար քննարկել: Ես ինքս չեմ կարծում, որ այս նախագծի տակ ինչ-որ միտումնավոր բաներ են գրած եղել, եթե որոշ մարդիկ դրա տակ ինչ-որ վտանգ են տեսնում, խնդիր չկա, կարելի է առաջարկություններ կազմել. առավել ևս տեղյակ եմ, որ Նաիրա Զոհրաբյանն էլ է առաջարկով հանդես եկել»:

ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ չի կարելի օրենքի հետ կապված վիրավորական որակումներով հանդես գալ. «Այդ օրինագծի վրա շատ պատգամավորներ ու իրավաբաններ են աշխատել, հասարակական սեկտորի աշխատակիցներ, ինձ հետաքրքրում է՝ երբ օրենքը ընդունվեց ինչու՞ նման արձագանքներ չեղան, ինչու՞ են բոլորը երեք ամիս հետո հիշել այս նախագծի մասին, որ այն վտանգ է պարունակում: Ինչևէ, եթե նման աղմուկ է առաջացել, մենք դեմ չենք, կարող ենք սեպտեմբերին քննարկումներ անել, բայց առաջարկությունները պետք է հիմնավոր լինեն. օրենքը դոգմա չէ, ենթակա է շտկման»:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրենքին թերահավատորեն է վերաբերվում և գտնում է, որ ինչպես շատ օրենքներ, սա ևս մնալու է օրենք' թղթի վրա, և գենդերային անհավասարությունը մեր կարծրատիպերով է պայմանավորված, իսկ ինչ վերաբերվում է օրենքում տեղ գտած որոշ դրույթներին, պատգամավորը նշեց. «Եթե եվրոպական արժեքների որդեգրման ճանապարհով ենք գնում, կան պարտադրված օրենքներ և համապատասխան դրույթներ պիտի ընդունվեն, բայց կարծում եմ, որ հայ հասարակության համար այս օրենքի որոշ դրույթներն անընդունելի են, իսկ եթե խրախուսվի նաև օրենքով, շատ վատ իրադրության մեջ կհայտնվի հանրությունը, քանի որ ինչ-որ պրոպագանդվում ու օրենքով ամրագրվում է, այն հնարավորություն է ստանում զարգանալու, և այստեղ ես վտանգ տեսնում եմ, ամեն ինչ պետք է անենք, որ կանխենք երիտասարդների շրջանում նման քարոզչության հնարավորությունը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Սեդա Ղուկասյան