Ազգային ժողովը երկու ամիս առաջ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք է ընդունել: Վերջին շրջանում աղմուկ բարձրացավ և եղան քննադատություններ, թե նման անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է մի փաստաթուղթ, որն այլասերություն է քարոզում: Այս թեմայով ԳԱԼԱ-ի զրուցակիցն է հրապարակախոս Մամիկոն Համբարյանը:

-Պարոն Համբարյան, ի՞նչ կարծիքի եք օրենքի մասին: Օրենքը ինչո՞վ է մերժելի Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից: Կարծիք կա, թե օրենքը գաղտնի է ընդունվել: Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ բացի հանձնաժողովներից, նման օրենքի ընդունումից առաջ պետք է նախ բազմակողմանի քննարկումներ կազմակերպվեին:

-Իմ հոդվածներից մեկում ես անդրադարձել էի այն հարցին, թե ինչո՞ւ է լռում Հայ Առաքելական Եկեղեցին, թերևս որոշ քահանաներ իրենց կարծիքն այս կապակցությամբ հայտնել են, սակայն դա չի կարելի դիտել որպես եկեղեցու պաշտոնական դիրքորոշում, և այս կապակցությամբ հայտարարություն մինչ այս պահը ես չեմ լսել և չեմ կարդացել և եթե ընդունենք, որ չկա պաշտոնական դիրքորոշում, ուրեմն կարելի է նաև այսպես հասկանալ, որ նման օրենքը ոչ մի կերպ մերժելի չէ եկեղեցու կողմից: Չմոռանանք նաև այն փաստը, որ եկեղեցի-պետություն սերտաճումը ենթադրում է փոխշահավետ գործարքներ: Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու' որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Դրանից ելնելով' Հայ Առաքելական Եկեղեցուն ՀՀ օրենսդրությամբ տրված են մի շարք մենաշնորհներ, այդ իսկ պատճառով այսօր եկեղեցին պատասխանատվություն է կրում երկրում տիրող բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտի համար: Օրինակ' Մոլդովայի Ուղղափառ Եկեղեցին այս օրենքի ընդունման պատճառով Կառավարության անդամներին զրկեց հաղորդությունից: Սա ցույց է տալիս եկեղեցու պատասխանատվությունը Աստծո և սեփական ժողովրդի առջև: Կարող եմ ասել, որ Հայաստանի Ավետարանական եկեղեցիների համագործակցության կողմից եղել է պաշտոնական բողոք և ձևավորված հիմնավորում, բայց Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիները դեռևս լռում են: Թերևս ուշացումով հայտարարություն կատարվի, սպասենք:

Ինչ վերաբերվում է ԱԺ-ին, ապա Ազգային ժողովը նման օրենքները հանրությունից գաղտնի ընդունելու փոխարեն պետք է այն ներկայացներ հանրային քննարկման, որը ինչ-ինչ պատճառներով չէր արվել և հետո զարմանալին այն էր, որ անցնելով երեք ընթերցում' ոչ մի պատգամավորի մոտ տարակուսանք չէր առաջացրել օրենքի երրորդ հոդվածում տեղ գտած ձևակերպումը, թեև այդ օրենքին դեմ էր քվեարկել միայն մեկ պատգամավոր, այն էլ' ՀՀԿ-ից:

Բնականաբար, արտահերթ ժողովի և երեք ընթերցմամբ օրենքի հապճեպ ընդունումը կասկածանքների տեղիք է տալիս, այլ կերպ ասած' իշխանությունները քաջատեղյակ էին, որ մեր հանրությունը եվրոպական նման այլասերության հակառակորդ է և չի հանդուրժի նման օրենքի ընդունումը, այդ իսկ պատճառով էլ այն ընդունվել է գաղտնի' նույնիսկ առանց լրատվամիջոցների ներկայության և լուսաբանման:

-Որքանո՞վ են նման օրենքի սկզբունքները հակասում հայ քրիստոնեական և հայ ավանդական ընտանիքի գոյության սկզբունքներին և կա տեսակետ, որ այն կխարխլի ազգի ու ընտանիքի ակունքները:

-Հակասո՞ւմ է արդյոք քրիստոնեության սկզբունքներին, իհարկե' այո´, քանի որ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է, որ Աստված մարդուն ստեղծեց երկու սեռի' արու և էգ, չկա երրորդ՝ անորոշ սեռ: Աստվածաշնչում բազմաթիվ օրենքներ կան այդ սեռերից յուրաքանչյուրին վերաբերվող' մազերի սանրվածքից սկսած մինչև հագուստ կրելը, ինչպես նաև հասարակության մեջ իրենց սոցիալական դերերի բաշխումը և պատասխանատվությունները: Այդ օրենքի առաջին դրույթում գրված է. «…Գենդերային' տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում…»:

-Ձեռքբերովի սոցիալական վարք. ի՞նչ է դա նշանակում:

-Մի այսպիսի պարզ օրինակ բերեմ: Պատկերացնում եք, որ հայկական ավանդական ընտանիքում ամուսինները որոշում են բաժանվել, և կինը երեխաներին թողնում է ամուսնու խնամակալությանը: Մի պայծառ օր ընտանիքի հայրը արթնանալով' բացահայտում է, որ ինքն իրեն կին է զգում և որոշ ժամանակ հետո որոշում է ամուսնանալ, ասենք, Վարդան ձյաձյայի հետ: Հարց է առաջանում' այդ ընտանիքի երեխաներն ինչպե՞ս են ընդունելու այդ ամուսնությունը: Երեխաները ընդունելու են, որ իրենց պապան պապա չի, այլ մամա է: Հասկանո՞ւմ եք, դա խեղում է նախ Աստծո սահմանած օրենքները, իսկ հետո երեխայի հոգեբանությունը՝ տեսնել ընտանիքում երկու տղամարդ ծնողների, որից մեկն իրեն տղամարդ չի զգում: Նման ամուսնությունների դեպքում բացառվում է երեխա ունենալը, ուրեմն ի՞նչ է անելու զույգը, բնականաբար որդեգրելու է: Տղամարդու և կնոջ ամուսնական միությունը հանդիսանում է ընտանիքի իդեալական մոդելը, որը մարդկային ցեղի շարունակությունն է ապահովում, այլ մոդելները բացառվում են:

Ի դեպ, վստահաբար կարելի է ասել, որ այս օրենքներին հետևելու են ինցեստի և մանկապղծության օրինականացման օրենքների (որոնք այսօր անխուսափելիորեն հաջորդաբար ընդունվում են եվրոպական երկրների կողմից) ընդունման պարտադրումը Հայաստանի Հանրապետությանը:

Քրիստինա Մկրտչյան