ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Կլիմայական ծառայությունների ներկա վիճակը եվ զարգացման հեռանկարները Հայաստանում» աշխատությունը հայերեն և անգլերեն լեզուներով:
Աշխատանքում ամփոփվել են իրականացված վերլուծությունները' կլիմայի փոփոխության սիստեմատիկ դիտարկումների, տվյալների կառավարման և տրամադրման համակարգի ներկա վիճակի և բարելավման կարիքների, կլիմայի փոփոխության ուսումնասիրությունների, գլոբալ և տարածաշրջանային մոդելների արդյունքների հիման վրա ապագա սցենարների մշակման, կլիմայական ռիսկերի փոփոխության միտումների վերաբերյալ:
Աշխատանքում ներկայացված են վերջին տարիներին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից իրականացված կլիմայական մոնիտորինգի և գիտակիրառական հետազոտությունների արդյունքների վերլուծությունները, հիդրոօդերևութաբանական դիտարկումների ազգային ցանցի վիճակը, մեթոդական և տեխնիկական ապահովվածությունը, վերլուծվել են եղանակակլիմայական էքստրեմալ երևույթների դինամիկան, վաղ ազդարարման համակարգի ներկա վիճակը, կլիմայական էքստրեմումների նախազգուշացման «Կլիմայական զգոնություն» համակարգի (Climate Watch System) իրականացման հնարավորությունները: Գնահատվել են որոշում ընդունողներին և շահառուներին կլիմայական տեղեկատվության տրամադրման ներկա վիճակը, տեղեկատվության տրամադրման և հասանելիության խնդիրները:
Աշխատանքում, որպես պիլոտային տարածք ներկայացվել են Վայոց ձորի մարզի կլիմայական առանձնահատկությունները, կլիմայական միտումները, երաշտային պայմանների գնահատումը, քամիների դաշտի փոփոխությունները, կլիմայի փոփոխության կանխատեսումները, մարզում առկա կլիմայական ռիսկերը և հիդրոօդերևութաբանական խոցելիությունը: