Lragir.am - Բաքվում Ռուսաստանի նախագահի այցը բավական երկիմաստ ստացվեց: Պուտինն այցելել էր ցույց տալու համար, թե ով է «տարածաշրջանում» տերը, սակայն Բաքվում նրան ցույց տվեցին, որ չեն ընդունում այդ հանգամանքը: Եւ ավելին, Պուտինի արտգործնախարարի անունը հրապարակելիս ասացին «սիկտիր»:
Խիստ հատկանշական էր, թեեւ հնարավոր է՝ լեզվի սայթաքում էր: Սակայն, «լեզվի սայթաքումները» սովորաբար մատնում են մտքին եղածը: Բաքվում Ռուսաստանին ասացին իրենց մտքում եղածը:
Պուտինը շատ է սիրում կիսամերկ լուսանկարվել, ինչը նույնպես հատկանշական փիար-«սայթաքում» է այն իմաստով, որ ցույց է տալիս, որ «արքան մերկ է»: Ռուսաստանի երկդիմի, մերկանտիլ քաղաքականությունն այդ երկրի արքային դարձրել է «մերկ», երկիրն էլ հասցրել դիրքերի կորստի ոչ միայն Հարավային Կովկասում: Գործընկերների հանդեպ վերաբերմունքը, կոմերցիոն ուղղվածության քաղաքականությունը լուրջ հարված են հասցրել Մոսկվայի հեղինակությանը եւ միջազգային ասպարեզում նրան դրել նույն շարքում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Նույնիսկ ավանդաբար «ռուսասեր» հայ հանրությունը սկսում է երես թեքել Ռուսաստանից:
Բաքվում տեղի ունեցածը վեր հանեց բոլոր այս հանգամանքները: Պուտինին պետք էր խողովակը, իսկ Ալիեւին՝ իր երկրի հարցերը, որոնք հույս ուներ լուծել Արեւմուտքին Պուտինով վախեցնելով ու նյարդայնացնելով: Պուտինն այս ամենը գիտեր, եւ այնուամենայնիվ գնաց Բաքու: Եւ այնտեղ ի ցույց դրվեց ողջ «մերկությունը»:
Իսկ կարո՞ղ էր չգնալ: Թերեւս՝ արդեն ոչ: Չափից ավելի շատ է Ռուսաստանն ընդառաջ գնացել թուրք-ադրբեջանական «սխեմային»: Ընդհանրապես, աշխարհում շատ բան է փոխվել, սակայն Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է մտածել ու գործել հին ու սպառված սխեմաներով: Նման գործելակերպն էլ հանգեցնում է նրան, ինչ ներկայում տեղի է ունենում մասնավորապես Հարավային Կովկասում:
Համաշխարհային տերությանը հարիր չէ մանր առեւտրական քաղաքականությունը: Եւ նաեւ այն մեթոդոլոգիան, որով վերաբերվում են նախկին ու ներկա գործընկերների հետ, նրանց նայելով որպես մանրադրամի: Ռուսաստանի նման վերաբերմունքը բոլորի, նույնիսկ Ալիեւի համար դարձել է ուղենիշ, թե ինչպես պետք է վերաբերվել Ռուսաստանին ու նրա նախաձեռնություններին, նրան վերադարձնելով մանրադրամը:
Արքան պարզվում է ոչ միայն մերկ է, այլեւ արդեն արքա էլ չէ:
Հայկ Արամյան