«Հավատացած եմ, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի: Քաղաքական դաշտում կան առողջ ուժեր, անհատներ, որ իրենց դեմքը, «ես»-ը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է, որ մոտակա ժամանակահատվածում՝ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում, ինչ-որ նոր ուժ կձևավորվի»։ Նման կարծիք որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ազատամարտիկ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը։
«Հրապարակ» օրաթերթի հրապարակման համաձայն օրերս թերթը տեղեկացել է, որ նոր ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում: Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նշեց, որ ինքը հնարավոր է համարում նման կուսակցության ստեղծումը, որովհետև այսօր ընդդիմադիր դաշտը գտնվում է ծանր վիճակում:
«Խորհրդարանում եղած կառույցներն ընդդիմադիր չեն, միայն անունն է, ոնց որ ընդդիմության տնազ լինի, դրսում էլ բավականին ծանր վիճակ է: Ծանր մթնոլորտ է ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, կան առանձին ուժեր, բայց ակտիվություն չկա: Ենթադրում եմ, որ ինչ-որ պահի կակտիվիանա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Կողջունեի, եթե դա անկեղծ հայամետ, Հայաստանամետ, իսկական ընդդիմադիր ուժ լինի, ոչ թե այս կամ այն իշխանության թևի հետ համագործակցող, ծառայող ուժ», - ասաց Գիմիշյանը:
ՀԱԿ նախկին անդամն անդրադառնալով Սասուն Միքայելյանի կամ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվելիք կուսակցության ղեկավար լինելուն ասաց. «Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ և նորմալ եմ վերաբերվում, հարգանքով: Թե ինչքանով կարող են ղեկավարել չեմ կարող ասել, որովհետև կուսակցություն ղեկավարելը հեշտ բան չէ, առավելևս, եթե ցանկություն ունեն լուրջ հաջողությունների հասնել: Ես բոլոր իսկական, անկեղծորեն ժողովրդին ծառայող քաղաքական ուժերին ողջունում եմ՝ լինի դա իշխանական, թե՝ ըդդիմադիր, եթե նրանք իսկապես ծառայեն ժողովդին, - ասաց Սոս Գիմիշյանը: