Դերասան Նարեկ Ներսիսյանը, որը աղմկահարույց «Ապակե կախազարդը» ֆիլմի գլխավոր դերակատարներից է, պրեմիերայից երկու շաբաթ առաջ իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել և որոշակի բացահայտումներ է արել ֆիլմով հետաքրքրված անձանց համար։

Անդրադառնալով համացանցում շահարկումների արժանացած բաց տեսարաններին՝ դերասանը գրել է. «Այո, ֆիլմում կան որոշ իսկապես բաց տեսարաններ, սակայն դրանք զերծ են պոռնոգրաֆիկ ու անբարոյականություն քարոզող ենթատեքստից, ընդհակառակը, բարձր գեղագիտությամբ են արված։ Սակայն ֆիլմն ամենևին դրա մասին չէ և չեմ կարծում, որ պետք է սևեռվել դրա վրա։ Ավելի լավ է, նախապես պատրաստ լինել հոգեբանական սիրային դրամային ու չմոռանալ, որ կինոթատրոն գնալիս իսկապես լավ կլինի, որ հանդիսատեսը լիներ տասնութ տարեկանից բարձր, քանի որ, բացի բաց տեսարաններից, կան տեսարաններ, որոնք «արգելվում» են թույլ նյարդեր ունեցողներին»։
Ըստ Նարեկ Ներսիսյանի՝ ֆիլմը բաղկացած է 2 մասից, առաջին մասում իրադարձությունները տեղի են ունենում տղայի հայացքից, երկրորդում՝ աղջկա, ինչը շատ գրավիչ ու լարված է դարձնում ֆիլմի սյուժեն։ «Ուրախ կլինեմ, որ իմ հանդիսատեսը ինձ ծանոթանա ու ճանաչի նաև նման կերպարով»,- հավելել է դերասանը։