Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքավայրից 6 կմ հեռավորության վրա գտնվող Շատվան գյուղի բնակիչները, որոնց համար Սոտք գյուղի բնակիչների նման հանքավայրը մի ժամանակ ապրուստի հիմնական միջոց էր համարվում, այսօր դարձել է պարզապես օտարերկրացիների մոտ «մի քանի կոպեկով» աշխատելու և «յոլա գնալու» տարբերակ: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները կիսեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:
«Նախկինում 1000-ից ավել, մինչև 1800 բանվոր էր աշխատում հանքավայրում, հիմա՝ մի 200-300, հիմա ամենաշատը 400 մարդ կարող է այնտեղ աշխատել, բայց դա էլ ես մեծ թիվ եմ ասում»,- ասաց նա՝ նշելով, որ կրճատել են նաև աշխատավարձերը:
Գյուղապետի մտահոգություններից է նաև այն, որ հանքավայրը շահագործում են արտասահմանցիները. «Աշխատավարձերը կրճատեցին, դե մասնավոր ընկերություն է դա, մեկ կանադացիներն էին շահագործում, մեկ հնդիկները, հետո եկան վրացիները, չգիտեմ էլ վերջը ինչ ա լինելու»:
Մինչև 1988թ.-ը թուրքաբնակ Շատվանի կոլտնտեսության ղեկավար և մինչ այսօր գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Աբրահամյանի տարիների փորձն այդ մասին մի հստակ տեսակետ է ձևավորել: Մեր հարցին, թե որքանով է ինքը խելամիտ համարում այն, որ երկրի ընդերքը շահագործողներն արտասահմանցիներ են, գյուղապետը պատասխանեց՝ հորդորելով, որ նման հարցերն ուղղենք կառավարությանը, ոչ թե իրեն։
Այնուամենայնիվ, իր կարծիքը, նա ասաց։ «Իմ կարծիքով՝ երկրում ստրատեգիական նշանակության բոլոր տեսակի ենթակառուցվածքները պիտի պետական հսկողության տակ լինեն, դրա մեջ մտնում են գազը, էլեկտրաէներգիան, տրանսպորտը և մնացած բոլոր բաները: Իսկ մեզ մոտ ոչ մի բան էլ չկա, մենակ էս փոքրիկ գյուղապետարաններն են մնացել պետական հսկողության տակ»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է Շատվանի խնդիրներին, գյուղապետը նշեց. «Գյուղում գազ չկա, ես անցած տարի վարչապետին նամակ գրեցի, նրա հանձնարարությամբ «ՀայՌուսգազարդից» եկան, ստուգեցին ու վերջում պատճառաբանեցին, թե գյուղի բնակչությունը քիչ է, իրենց ձեռնտու չի գազ քաշել: Արտասահմանյան գումարներով էլ էդ խնդիրը լուծելու համար համայնքը ներդրումներ պիտի անի, համայնքն էլ էդքան բյուջե չունի, իսկ դրա ծախսը նախնական հաշվարկներով մոտ 58 մլն դրամ է կազմում»:
Գյուղապետը նաև զարմանք հայտնեց, թե ինչպես են ասում, որ Հայաստանը 90%-ով գազիֆիկացված է, երբ միայն Վարդենիսի տարածաշրջանի 36 համայնքից 22-ը գազիֆիկացված չէ, ու բոլորն էլ բարձր լեռնային սահմանամերձ գյուղեր են:
Գյուղի խնդիրները, սակայն, միայն գազով չեն սահմանափակվում։ Նրա խոսքով՝ տարվա մեջ 7 ամիս մարդիկ զբաղմունք չունեն, գյուղացիները հիմնականում հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, գարի և կարտոֆիլ են արտադրում, բայց տարիներ շարունակ իրացման խնդիրը կա։
«Էդ խնդիրը չի լուծվում, կառավարությունը չի աջակցում մեզ էդ հարցում: Մի երեք տարի առաջ մարդիկ 30 դրամով չէին կարողանում իրենց արտադրած կարտոֆիլը վաճառել, հիմա էսօրվա օրով մարդիկ բանկերի տոկոսների տակ են կարտոֆիլի իրացման պատճառով: Գյուղմթերքի վերամշակման ոչ մի արտադրամաս չունենք,Մի քանի տարի առաջ մենք կարտոֆիլ արտադրող երկիր էինք դարձել, բայց ոչ մեկը ձեռք չմեկնեց, մարդիկ տոկոսի տակ հայտնվեցին: Էսօր էլ թունաքիմիկատները էնպիսի գներ ունեն, էլ գյուղացիները ինքնարժեքը ո՞նց կարող են 30 դրամով ծածկել, մեզ մոտ էլ կարտոֆիլից բացի ուրիշ բան չի աճում»,– դժգոհեց նա:
Լյովա Աբրահամյանը խոսքով՝ Շատվանում ևս վերջին տարիներին արտագաղթի ցավոտ խնդիրը գլուխ է բարձրացրել. «Ինձ մոտ խոպանչիներն էդքան չէին, բայց էս մի երկու տարիներին երիտասարդները գնում են, նրանցից որոշներն ամուսնացած են, որոշները չէ, բայց մտավախություն ունեմ, որ էն ամուսնացածները ընտանիքներին էլ կտանեն: Պետությունը ոչ մի բանով չի աջակցում, իրենք իրենց պիտի պահեն, իրենց ընտանիքը: Աշխատում ենք ինչքան կարողանանք օգնենք, բայց մենք էլ շատ հնարավորություն չունենք»: