Հայկական հեռուստաեթերում տարիներ առաջ բրենդային կերպարներ ստեղծելիս շեշտը դրվեց դուետների վրա: Ստեղծվեցին բազմաթիվ դուետներ, որոնք ընդգրկվեցին հեռուստատեսային նախագծերում: Այդ նախագծերից առավել ճանաչում ստացան դերասաններ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ծրագրերը՝ հիանալի դերասանական վարպետությամբ աչքի ընկնող «Կարգին հաղորդումը», որին փոխարինելու եկավ 6 եթերաշրջան շարունակ հայկական եթերում ամենառեյտինգային «Կարգին սերիալը», որը, փաստորեն, դարձավ Հայկո-Մկո դուետի կարապի երգը: Լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ հայկական եթերում նախապատրաստվող «Կարգինի» նոր նախագծում Հայկոն և Մկոն միասին հանդես չեն գա: «Մկոն ցանկություն է հայտնել առանձին մասնակցել ուրիշ նախագծում, և մենք հարգում ենք իր ցանկությունը: Այն հաղորդումը, որին Մկոն մասնակցում է, եթեր է հեռարձակվելու «Արմենիա TV»-ով, և այն ավելի շուտ է եթերում լինելու, քան «Կարգինի» նոր նախագիծը»,- հայտարարեց Հայկ Մարությանը:
Mediamall.am-ը զրուցեց հայտնի դերասան Հայկ Մարությանի հետ՝ խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը:
Մկրտիչ Արզումանյանի և Ձեր՝ առանձին հանդես գալը արդյոք չի՞ ազդի ձեր վարկանիշի վրա: Չե՞ք կարծում, որ տարիներ շարունակ համատեղ բրենդ ստեղծելով՝ չափազանց շատ եք նույնացվել և առանձին-առանձին հանդիսատեսը ձեզ չի ընկալի:
Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար: Ընկալելով Ձեր հարցի վերջին մասը որպես ճշմարտություն՝ այս եթերաշրջանը որպես դերասան բաց եմ թողնում:
Ճի՞շտ է արդյոք, որ դուետի առանձնանալը կապված է Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և Մկրտիչ Արզումանյանի՝ քաղաքական գործընթացներին առավել լոյալ վերաբերմունքի հետ:
Իմ մասով կարող եմ ասել, որ մեկը մյուսին չի խանգարում, ընդհակառակը, ես մտածում եմ, որ հասարակական ճանաչում ունեցող անձնավորությունը չի կարող անմասն մնալ երկրում կատարվող պրոցեսներին՝ առավել ևս մեզ նման նորաստեղծ և կայացման փուլում գտնվող պետությունում:
Հետագայում Մկոյի հետ նոր նախագծերում հանդես գալու նախագծեր կա՞ն, թե ձեր դուետը այլևս պատմություն է:
Ես բազմիցս նշել եմ, որ միշտ պատրաստ եմ համագործակցել Մկոյի հետ, այնպես որ հարցը ինձ չի ուղղված:
Հ.Գ. Հայկ Մարությանից հետաքրքրվեցի՝ արդյոք ճիշտ է իմ տպավորությունը, որ Հայկո-Մկո դուետն ընդհատվել է Մկրտիչ Արզումանյանի կողմից: Մարությանը մեր այդ հարցին չպատասխանեց:
Ամեն դեպքում, կարծես թե, լրագրողական հոտառությունս ինձ չի խաբում...
Վարուժան Բաբաջանյան