Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանն այսօր լրագրողներին ասել էր, թե ոստիկանը, ով սեռական բնույթի ոտնձգություններ է թույլ տվել քաղաքացու նկատմամբ, մեկնաբանել է այսպես. "Ինքը պատճառաբանում է, որ իր ուսադիրն էին ուզում պոկել և դա ձեր մտածածը չի և չի համապատասխանում իրականությանը:"
Տեսանյութում դանդաղացրած կադրերով երևում է, որ ոստիկանը մի ձեռքով բռնել էր աղջկա պարանոցից, մյուսով ամուր գրկել էր:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Շողիկ Մելքոնյանը մեկնաբանեց. «Նա անընդհատ հետապնդում էր ինձ, հոգատար ոստիկանի դեր էր խաղում ու փորձում էր հեռացնել փողոցից, ասում էր, որ ես լավ չեմ զգում, ջրի կարիք ունեմ: Ես անգամ չեմ զգացել՝ ինչպես է դա տեղի ունեցել, իմացա միայն, երբ ընկերներս ցույց տվեցին նկարը: Անգամ ընկերներիցս մեկը եկավ ու ինձ հեռացրեց իրենից, բայց քանի որ ոստիկանն անընդհատ ինձ հետևում էր՝ ասելով, թե՝ «դուք լավ չեք զգում, ինչի՞ կարիք ունեք, ջուր բերե՞մ և այլն», փաստորեն դրանից հետո իմ թուլացած վիճակից օգտվելով՝ առիթը բաց չի թողել: Անգամ մի խումբ կարմիր բերետավորներ հարձակվեցին վրաս ու բռնի ուժով փորձում էին նստեցնել ոստիկանական մեքենան, ես էլ դիմադրում էի, այդ պահին ինձ մոտ եկավ Արաբկիրի ոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը ու հատուկ մոտեցավ ականջիս, ինչը ինքը հատուկ էր անում, որպեսզի իր հայհոյանքը կողքինները չլսեն, ու դու էլ ամաչես հրապարակել, և մեքենա նստեցնելու պահին ցածրաձայն սեռական բնույթի հայհոյանք տվեց, որը ես անմիջապես հանրության առաջ հրապարակեցի: Կոչ եմ անում բոլոր կանանց ու աղջիկներին, ում նկատմամբ Արայիկ կոչվածը բռնություն է կիրառել, կամ հայհոյել, թող չամաչեն ու բարձրաձայնեն՝ դա մեր լեքսիկոնը չէ, որ ամաչենք կրկնել: Միայն դրանով կարող ենք մերկացնել նմանատիպ երևույթները»:
Վալերի Օսիպյանը ենթադրել է, կամ չի տեսել այս կադրերը, կամ չի ուզում խոստովանել, որ այդ կադրերում առկա է սեռական բնույթի ոտնձգություն քաղաքացու նկատմամբ, ինչը քրեորեն պատժելի է:
Կադրերը հատուկ դանդաղեցված են, որպեսզի պարզ հասկացվի՝ որտեղ են աղջկա ձեռքերը, որտեղ են ոստիկանի ուսադիրները և ինչ գործողություն է կատարում այդ ոստիկանը:

Թեհմինե Ենոքյան