«Հրապարակը» գրում է, թե օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ հակառակորդի սահմանում հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի մասին դեռեւս հստակ տեղեկություններ չկան:
«Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական կողմը տարածեց Ինջիղուլյանի հարցազրույցը, որտեղ վերջինս, բացի հայոց բանակի հասցեին արված քննադատությունից, հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք, այլ' մեկնել երրորդ երկիր:
ՀՀ ՊՆ-ն, բնականաբար, հիմք չընդունելով ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունը, որի ստացման ճանապարհները դեռեւս պետք է պարզվեն, դիմել է Կարմիր խաչին, որպեսզի ստանան փաստացի տեղեկություններ Հակոբի գործողությունների եւ որոշման մասին: Նաեւ հայտարարվել է, որ հայ ռազմագերուն երրորդ երկիր ուղարկելն ապօրինի է, նա պետք է վերադարձվի Հայաստան, եւ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվելու:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ասաց, որ Կարմիր խաչից դեռեւս որեւէ արձագանք չկա: Կարմիր խաչում առայժմ ամեն ինչ գաղտնի է պահվում: Թերեւս սպասում են Ինջիղուլյանի կամարտահայտությանը»,- գրում է թերթը: