Արդեն մեկ շաբաթ է, որ ԵԿՄ ուխտագնացներն Արցախում են: Ուխտագնացությունը նվիրված է գիտելիքի օրվան եւ ԼՂՀ անկախության 22-րդ տարեդարձին: Ամենամյա այս միջոռաման մասնակիցներն արդեն եղել են Քարվաճառում, Քաշաթաղում, Մարտակերտում, Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, նշված տարածքների բոլոր համայնքներում: Ուխտագնացներն այցելում են զոհված ընկերների պատվին կանգնեցված հուշարձաններ, հանդիպում են մարտական ընկերներին, նաեւ նվերներ են փոխանցում արցախցիներին' հաշմանդամի սայլակներ, դեղորայք, հեռուստացույց, համակարգիչ, այլ տեխնիկա, իսկ ԼՂՀ բոլոր առաջին դասարանցիներին` դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով: «Մենք ուրախ ենք, որ վերջին տարիներին Արցախում աճում է առաջին դասարանցիների թիվը եւ մենք ամեն տարի ավելացնում ենք մեր նվերների քանակը»,- մեզ հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, ով ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ նշանակված է ուխտագնացության մինչեւ օգոստոսի 30-նն անցանկվող ծրագրի պատասխանատու: Օգոստոսի 30-ին Արցախում կլինի նաեւ Մանվել Գրիգորյանը, եւ ծրագիրը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Օգոստոսի 31-ին Հադրութի Տող գյուղի մոտի «Նոր կյանք» ջրաշխարհի տարածքում նախատեսված է ուխտագնացների հիմնական մեծ միջոցառումը, որի ժամանակ կընթերցվեն պարգեւատրման հրամաններ, կհանձնվեն թանկարժեք նվերներ: Պարգեւատրվողները կլինեն հատկապես 1989-94թթ. Պատերազմում աչքի ընկած այն քաջերը, ովքեր նախկինում չեն արժանացել պարգեւների: Այս միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի երկրապահական պատվիրակությունները, որոնք արդեն մեկ շաբաթ է' Արցախում են` վրանային ավանում, նաեւ' պատվիրակություններ ԼՂՀ բոլոր վարչական շրջաններից: Մեզ հետ զրույցում ԼՂՀ վարչակազմերի ղեկավարներն անչափ կարեւորում են Մանվել Գրիգորյանի հիմնադրած եւ ամենամյա դարձած այս ուխտագնացությունները' նշելով, որ երկրապահների այցը մեծապես նպաստում է սահմանի բնակչի ոգու ամրապնդմանը:
Նշենք, որ ուխտագնացության ակունքները գալիս են դեռ պատերազմի տարիներից: Դրա հիմքը դրվել է 1993 թվականին, երբ Մանվել Գրիգորյանի մայրը, զոհվածների մայրերի եւ կանանց ուղեկցությամբ, վերցնելով սնունդ, գուլպաներ եւ այլն, այցելեց առաջին գիծ, ուր տղաները եւ կռվում էին, եւ խաչքարեր, հուշարձաններ կանգնեցնում զոհվածների պատվին: