Նոր ուսումնական տարում հանրապետությունում քիչ, բայց կլինեն նաև դպրոցներ, որտեղ չեն լինի առաջին դասարանցիներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դպրոցներում դասարանների կոմպլեկտավորման դեպքեր նույնպես կլինեն, բայց առայժմ այդ մասով տվյալներ չկան: Իսկ առաջին դասարանցիներ այս տարի սահմանված թվից շատ ունեն Երևանի Նիկոլ Աղբալյանի, Պուշկինի և Չեխովի անվան դպրոցներում:

«Նախարարությունում վերջին խորհրդակցությունների ժամանակ քննարկվեց մեր բոլոր խնդիրները, բարեփոխումները, ավագ դպրոցներում լուծվել են կազմակերպչական խնդիրները»,-ասաց նա։

Նարինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ կրթական բարեփոխումների շարքում են նաև հատուկ կրթության բարեփոխումները, առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովվելու խնդրի ուղղությամբ նույնպես մշակվում է հայեցակարգ: Նաև այսօր ՀՀ մարզերում կան 200 նորաստեղծ նախադպրոցական հիմնարկներ:

Դպրոցներում օպտիմալացման գործընթացի մասին հանրակրթության վարչության պետն ասաց, որ դա համատարած գործընթաց չէ, դա այն դպրոցներին է վերաբերում, որտեղ աշակերտների թիվը նվազագույնն է:

«Նույնիսկ մենք ուսուցիչներ ունեինք, որոնք աշխատում էին երեք, չորս ժամով: Ուսուցիչը պետք է դրույքաչափով աշխատի: Սեպտեմբերից կսկսվեն տարիֆիկացիոն ցուցակների գործընթացը, և այդ ժամանակ պարզ կլինեն ժամաքանակները: Ուսուցիչներին ընտրելու համար մրցույթի ձև մշակեցինք»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր, անկախ տնօրենի կամայականությունից, վատ ուսուցիչը չի կարող մնալ դպրոցում: