Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ և օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեի մոտ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի երկու դեպքով էլ քրեական գործեր չեն հարուցվել:
Հարկ է նշել, որ առաջին դեպքով հետաքննության 10-օրյա ժամկետը վաղուց սպառվել է և առկա է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն, ըստ որի Արգիշտի Կիվիրյանի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ աջ բազկի արյունազեղումների, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի, աջ ազդրի, սրունքների քերծվածքների, աջ բազկի և աջ ազդրի ճանկռվածքների ձևով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Կիվիրյանը բացատրություն է տվել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ապօրինի՝ բռնի ուժ գործադրելով և մարմնական վնասվածքներ պատճառելով: Սակայն ՀՔԾ-ն չի շտապում քրեական գործ հարուցել:
2013թ. օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով՝ նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փոխարենը առաջին դեպքով կազմվել է Ա.Կիվիրյանի կողմից վարչական իրավախախտման մասին արձանագրություն, իսկ երկրորդ դեպքով նույն օրն իսկ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այս դեպքում ոստիկանները «երկաթը տաք-տաք են ծեծել» և չեն օգտագործել հետաքննության համար օրենքով սահմանված ժամկետը և առանց սպասելու դատաբժշկական փորձաքննության եզրակացության ներկայացնելուն՝ հապշտապ քրեական գործ են հարուցել՝ միակողմանիորեն հիմնվելով միջադեպի կողմերից մեկի՝ ոստիկանի հաղորդման ու բացատրության վրա:
Ոստիկանության կողմից երկակի ստանդարտների կիրառման առնչությամբ Ա.Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ յուրաքանչյուր իրավական պետությունում, որտեղ հարգվում են օրենքի գերակայության ու օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները, ակնհայտ կլիներ, որ հօգուտ ոստիկանի քրեական գործ հարուցելով՝ օբյեկտիվ քննություն չի իրականացվել այն դեպքում, որ Արգիշտի Կիվիրյանին բռնության ենթարկելու երկու դեպքով էլ քրեական գործեր չեն հարուցվել, Ա.Կիվիրյանը չի ճանաչվել ու չի հարցաքննվել որպես տուժող, որոշակի կարգավիճակ «չի շնորհվել» նաև ոստիկաններին: