ԳԱԼԱ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի կարծիքով այսօր աշխարհին անհանգստացնող թիվ մեկ խնդիրը Սիրիային պատուհասած պատերազմն ու դրա հետեւանքներն են՝ հազարավոր երեխաները, որ մահանում կամ որբանում են: Ներկայացնում ենք նրա հարցազրույցը ԳԱԼԱ-ին:

 

 

-Սրբազան, ի՞նչ է կատարվում այս օրերին Սիրիայում: Ի՞նչ եք կարծում' ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ կիրառել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Եվ ինչպիսի՞ն է լինելու տարբեր կրոնական պատկանելիության մարդկանց դերը, որպեսզի հաստատվի հաշտեցման ոգին:

 

 

-Սիրիան ներքաշված է ծանրագույն ճգնաժամի մեջ: Սա հրահրվում է արտաքին ուժերի կողմից: Եվրոպական տերություններն անմասն չեն, ԱՄՆ-ն գործում է բացահայտ: Հարեւան երկրների հետ զրո խնդիրներ հռչակած եւ նրանց հետ ամենաշատ խնդիրներ ունեցող Թուրքիան Սիրիայի ներկա վիճակի համար մեկ պատասխանատուն է: Տարածաշրջանային լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիքը կանխատեսելի է:


Այս պարագային խոսել կրոնադավանական և էթնոդավանական համայնքների միջև մերձեցման եւ համագործակցության մասին իրատեսական չէ: Հոգեւոր առաջնորդները կարող են նպաստել խաղաղությանը, եթե դրա կամքն ունեն քաղաքական գործիչները: Մեկ անգամ չէ, որ Սիրիայի հոգեւոր առաջնորդները հայտարարություն են կատարել' նշելով, որ Սիրիայի ճգնաժամը պետք է լուծի բացառապես սիրիական ժողովուրդը' առանց արտաքին միջամտության:


Մեկ անգամ չէ, որ քրիստոնեական եկեղեցիների պետերն ու միջեկեղեցական կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնել Սիրիայի հոգեւոր պետերին' դատապարտելով բռնությունները: Վերջին նման հայտարարությունը կատարել է Անտիոքի եւ Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Հովհաննես 10-րդ-ը: Այս ամենն անցած փուլ է: Ընդհակառակը, ծայրահեղականությունն ու մոլեռանդությունն աճել են: Մինչեւ քաղաքական իրավիճակի կայունացումը եւ պատերազմի ավարտով նոր կրոնադավանական խճանկարի հաստատումը, բուն Սիրիայում կրոնական առաջնորդների դերի մասին խոսելն իզուր է:


Оրեր առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես եկավ հայտարարությամբ' սեպտեմբերի 7-ին հավատացյալներին եւ բարի կամքի տեր մարդկանց հրավիրելով աղոթքի: Հակոբոս Առաքյալը նշում է, որ «հավատքն առանց գործերի մեռած է » (Հակոբոս 2:14): Ներկա պահին պետք է մոբիլիզացնել բոլոր հոգեւոր, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական լծակները' կանխելու ռազմական գործողությունների էսկալացիան տարածաշրջանում, հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը եւ մեծացնել հումանիտար օգնությունը: Սիրիայում ապրում են շուրջ 3 միլիոն քրիստոնյաներ, որոնց թվում' 60 հազար հայեր:


Մեզ առաջին հերթին պետք է մտահոգի մեր հայրենակիցների ճակատագիրը եւ նրանց օգնելու արդեն իսկ ուշացած հրամայականը: Մայր Աթոռը դրամահավաք է կազմակերպում, մշտական կապի մեջ է առաջնորդի հետ: Առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում: Կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել, որ դեսպանատները չի փակելու: Մեր առաջնորդները եւս տեղում են: Անհրաժեշտ է օգնել նրանց' աշխատելով ինչպես Ռուսաստանի, Իրանի, այնպես էլ եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի հետ: 


Մանրամասները` www.galatv.am