Երեկ Երևանի պետական համալսարանի մոտակայքից բերման էր ենթարկվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հարություն Մկրտչյանը, որը մասնակցում էր ուսման վարձավճարների բարձրացման դեմ ուսանողական խաղաղ ակցիային: Հարություն Մկրտչյանին ոստիկանները հրավիրել են ոստիկանական բաժանմունք, վերջինս հրաժարվել է, որից հետո ուսանողին նստեցրել են ոստիկանական մեքենան ու տարել ՆԳ բաժին:
Ուսանողական ակցիաների մասնակիցները հերքում են իրենց կապը այս կամ այն կուսակցության հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նման հայտարարություն է արել նաև երեկ բերման ենթարկված ուսանողը, որը, սակայն, հանդիսանում է ԲՀԿ Էջմիածինի տարածքային կազմակերպության անդամ:
Իրազեկ աղբյուրները MediaMall.am-ին տեղեկացրին, որ երեկ Հարություն Մկրտչյանին բերման ենթարկելուց հետո նրա ազատ արձակման հարցով զբաղվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, որին, սակայն, չի հաջողվել կազմակերպել երիտասարդ կուսակցի ազատ արձակումը: Հարությունը ազատ է արձակվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի միջամտությունից հետո:
Այս պարագայում արդարացված են ուսանողի՝ իրեն սեփական կուսակցությունից տարանջատելու փորձերը: Չէ որ ԲՀԿ երիտասարդության ռահվիրա Վահանի փոխարեն իր հարցերը լուծում է «Ժառանգության» ոչ այդքան ռահվիրա Թևանը...