Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ, հստակ իմանալով, որ ակցիաներից բերման ենթարկվելու և վարչական տույժ կրելու հավանականությունը 90 տոկոսից մի քիչ է պակաս, չեն վարանում իրենց ցասումը արտահայտել այս կամ այն որոշման վերաբերյալ: Մարդիկ հստակ գիտակցում են, որ բացի օրենքի տրամաբանությունից բխող գործողություններից՝ թաղային խուժանը, որը վերջին տարիներին օրինակարգության որոշակի աստիճանով է օժտվել, պատրաստ է շեֆերի հրամանով նետվելու առաջին իսկ ակտիվիստի արյունը խմելու, սակայն առանց վարանելու հանրային հարթակներ են որոնում՝ իրենց ցասումը արտահայտելու համար: Աստիճանաբար ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք նետվում են իրավապահների հետ բախումների՝ հաշվի չառնելով ազատազրկվելու հնարավորությունը, և դա հաճախ այն դեպքում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը իշխող կուսակցության մեջ շատ բարձր դիրք է գրավում: Պատկերացնու՞մ եք, թե անարդարության զգացողությունը մարդկանց ինչպիսի ծայրահեղությունների է դրդում: Ավելի մեծ հասարակական ճեղքվածք, ավելի շառաչուն հասարակական ապտակ պարզապես անհնար է պատկերացնել: Հասարակական դժգոհությունների ֆոնին նմանատիպ ակցիաները պարզապես սառը ցնցուղ են քաղաքական համակարգին:
Հասարակական տրամադրությունները եռում են: Ամբողջ հասարակությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ ոք այլևս կորցնելու ոչինչ չունի: Դուք հասկանու՞մ եք հասարակական ուղերձը: Հասկանու՞մ եք, որ ձեր՝ սեփական պատյանից դուրս գործելու անկարողությունը արդեն անկառավարելի է դարձնում հասարակությանը: Հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ համացանցում և այլ հարթակներում արծարծվող և ձեր կողմից անտեսվող թեմաները դամոկլյան սրի նման կախվում են ձեր գլխին...
Գոնե այս սառը ցնցուղից հետո ի վիճակի՞ եք սթափվելու: Մարդիկ, որոնք ձեզ քննադատում են կամ լուծումներ առաջարկում՝ ձեր կամ պետության թշնամիները չեն: Մեծամասնության համար մեծ հաշվով կարևոր չէ իշխողի անձը, սակայն ձեր կողմից դրսևորվող քաղաքական իմպոտենտությունը երկիրը նետում է ծայրահեղ, անվերադարձ, կործանարար պրոցեսների մեջ:
Հիշեք, այն վերջին հնարավորությունը, որ հիմա գոյություն ունի, կարող է երբեք այլևս չտրվել: Մեր հասարակությունը անհիշաչար, զուսպ հասարակություն է և իրական քայլերի, տեսանելի բարեփոխումների ֆոնին կարող է անտեսել այն բացասական լիցքերը և հակակառավարական տրամադրությունները, որ կուտակվել են տարիների ընթացքում:
Սա իսկապես սահմանագիծն է: Սթափվեք:
Սառը դատեք և սթափ գնահատեք իրավիճակը:
Մեր հասարակությունը պատրաստ է ցավոտ, երկարատև, բայց արդյունավետ փոփոխությունների: Ի վերջո որևէ կետից հարկավոր է սկսել: Իսկ դուք անգամ այդ կետը չեք փորձում որոնել: Օգտագործեք այն մտավոր և ստեղծագործական ներուժը, որ դեռևս մնացել է Հայաստանում: Հակառակ պարագայում կիշխեք մի Հայաստանում, որտեղ իշխվողներ այլևս չեն մնացել...
Հետո չասեք՝ Դավիթ եկավ, գող-գող գնաց...
Վարուժան Բաբաջանյան