Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին 2014 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ ստանալու է Ջին Հերշլոթի անվան հեղինակավոր մրցանակ: Այս մասին գրում է People լրատվական պորտալը' հղում կատարելով Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիային(AMPAS): Հերշոլթի մրցանակը, որը համարվում է «պատվավոր Օսկար» հանձնվելու է Ջոլիին ոչ թե կինոնկարում իր դերի, այլ իր կամավոր հումանիտար գործունեության համար:
«AMPAS հատուկ ուշադրության է դարձնում այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել իրենց գործունեության ոլորտում»,- հայտարարել է այս տարի ընտրված կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բոն Իսեկսը: Անջելինա Ջոլին բացի իր կինոմատոգրաֆիայում աշխատանքից, հայտնի է նաև իր հումանիտար գործունեությամբ: Մասնավորապես նա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան է:
Այս առաքելության շրջանակներում Ջոլին հաճախել է տասնյակ պետություն, որտեղ տեղի են ունեցել հումանիտար աղետներ: Դերասանուհին բացել է մի շարք բարեգործական հիմնադրամներ և մասնակցում է խոշոր քաղաքական հանդիպումներին ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ջին Հերշլոտի անվան մրցանակը կինոյում հումանիտար ներդրումների համար սահմանվել է 1956 թվականին:
Այդ մրցանակի հավակնորդներին որոշում է բացառապես Ակադեմիայի հանձնաժողովի անդամները, որոնք էլ քվեարկությամբ ընտրում են հաղթողին: Մրցանակը շնորհվում է AMPAS-ի կողմից Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ: Հաջորդ Օսկարը տեղի է ունենալու 2014 թվականի մարտի 2-ին Լոս Անջելեսում: