Ռուս քաղաքական գործիչներն ու քաղաքագետները սերտել են լիովին դատարկ արտահայտություն՝ «եթե Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, մենք դա չենք զգա»: Իհարկե, լիակատար հիմարություն է, հակառակ դեպում ինչո՞ւ են խառնվել իրար ու մոբիլիզացրել այն ամենը, ինչ կարող էին կեղծիքի ու լկտիության ճահճում:
Իրական աշխարհքաղաքականության մեջ (եւ ոչ թե բնազդով գծված հնարովի սխեմաներում) չկա ազատության աստիճան, նույնիսկ փոքր, քանի որ մոլորակի ողջ տարածքը զբաղեցված է: Նույնիսկ ոչ մեծ պետությունը, հատկապես քաղաքական լարվածության գոտիներում, կարող է ունենալ կարեւոր նշանակություն ուժերի աշխարհքաղաքական դասավորության մեջ:

 

Հայաստանը ողջ տարածաշրջանի «փական-քարն» է, որի սահմաններն այնքան էլ իմաստավորված ու հասկանալի չեն: Հայաստանը երկար ժամանակ գտնվում էր համաշխարհային քաղաքականության «օտարացված» գոտում, սակայն վաղ թե ուշ պետք է հայտնվեր քաղաքական խնդիրների կիզակետում:
Սակայն ժամանակակից աշխարհում աշխարհքաղաքականությունը չի կարող արտահայտվել ինչ որ վերացարկումներում կամ սահմանափակվել պաշտպանության եւ անվտանգության հարցերով: Ժամանակակից աշխարհքաղաքականությունը ենթադրում է բարդ-բաղկացուցիչ հարաբերություններ, որոնք ներառում են տնտեսական ու իրավական պայմաններ, ինչն էլ դարձել է առաջնային հանգամանք Հայաստանի հետ Եվրատլանտյան հանրության հարաբերություններում:

 

Այս պայմաններում Հայաստանն ամեն կերպ փորձել է խուսափել Ռուսաստանի հետ դիմակայությունից, չփորձելով քաղաքական օրակարգ մտցնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակներ: Այնուամենայնիվ, Ռուսաստանն արձագանքեց կատաղի եւ Հայաստանին ստիպեց գործնականում հրաժարվել ինքնիշխանությունից (ներկայում Հայաստանի համար պատրաստվել է ինքնավար մարզի կարգավիճակ, թերեւս Կրասնոդարի երկրամասի կազմում):
Քաղաքական գործիչները, որոնք պնդել կամ հնազանդորեն համաձայնվել են նման հեռանկարին, այլեւս չեն կարող միջազգային ասպարեզում ներկայացնել ինքնիշխան պետություն: Դա, անկասկած, կանդրադառնա ազգային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճակատագրի եւ ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Սակայն, ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա տարածաշրջանի աշխարհքաղաքական իրավիճակի վրա:
Հայաստանին հանելով որոշումներ ընդունող պետությունների թվից, Ռուսաստանը մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք, նախ, ազատվեցին Հայաստանի դեմ քաղաքական հարձակումների ու միջազգային մեկուսացման հոգսերից, երկրորդ՝ Ռուսաստանի ձեռքերով ազատվեցին 21-րդ դարում Հայաստանի հետ կապված իրենց խնդիրներից:

 

Անկասկած, որոշակի առումով Ռուսաստանը պարտություն է կրել երկարաժամկետ հեռանկարում, սակայն ռուսական ներկայիս էլիտային չի հետաքրքրում հեռանկարը, նրան պետք էր լուծել այսօրվա խնդիրը, եւ դա տեղի ունեցավ: Գործնականում, Ռուսաստանն ու Թուրքիան հերթական անգամ կիսեցին Հայաստանը:
Ինչ վերաբերում է Արեւմուտքին, զուր են «բարեկամների» հույսերը, թե Արեւմուտքը կգերադասի Հայաստանի համար պայքարը: Հայաստանին վերաբերող հնարավոր բոլոր հարցերը Արեւմուտքը լուծելու է Մոսկվայի հետ: Հայաստանի միջազգային ներկայությունը որոշվելու է ֆուտբոլով ու բռնցքամարտով, թեեւ բռնցքամարտիկները հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո:

 

Միջազգային հարաբերություններում Հայաստանի տեղի ու դերի ակտիվացումը տեղի ունեցավ ոչ միայն եւ ոչ այնքան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու (դրա վրա քչերը հույս ունեին, համենայնդեպս արմատական ձեւով), որքան Թուրքիայի հավակնությունների ու էքսպանսիայի զսպման խնդիրների պատճառով, որը դարձել էր ԱՄՆ եւ Եվրամիության քաղաքականության կարեւոր ուղղությունը:
Սակայն, նման գործառույթ տալը, ինչը կարող էր նպաստել Հայաստանի պետականության զարգացմանը եւ անվտանգության բարձրացմանը, հնարավոր է միայն երկրի ինքնիշխան որոշումների պայմաններում: Ներկայում լիովին ակնհայտ է, որ Հայաստանն այլեւս չի կարող կատարել այդ գործառույթը:

 

Բոլորի համար հասկանալի էր դարձել (բացառությամբ հայ քաղաքական գործիչների), որ Եվրոպական միության հետ ինտեգրումը միայն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի առավել սերտ համագործակցության պայման ու գործոն էր: Այս մասին արդեն պետք է մոռանալ, եւ ըստ ամենայնի չեն մնա նույնիսկ Դաշինքի հետ համագործակցության ձեւական սխեմաներ:
ՆԱՏՕ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցության չեզոքացումը Ռուսաստանի համար ավելի կարեւոր խնդիր է, քան Եվրամիության հետ համաձայնության խզումը: Հարավային Կովկասում ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին մնում է միայն Վրաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը, ընդ որում՝ Թուրքիայի պատրոնաժի ներքո: Այս կապակցությամբ, հնարավոր է՝ ԱՄՆ կփորձի ազդել Հայաստանի վրա՝ տարածաշրջանային ներկայիս ծրագրերը պահպանելու նպատակով: Սակայն սա էլ բավական կասկածելի է, քանի որ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը մտադիր չէ ակտիվացնել աշխարհքաղաքական այս ուղղությունը:

 

Հնարավոր է, ամերիկացիները, հասկանալով, որ Ռուսաստանից ու Թուրքիայից Հարավային Կովկասն աբսորբացնելու ծրագրերը տապալվել են, կգերադասեն Թուրքիային իր հարեւանների հետ բախումների մղելու մարտավարությունը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հետ, Անկարային հասկացնել տալով, որ ներկայում Հարավային Կովկասը լիովին իր տրամադրության տակ է:

 

«Մարտնչող գավառականներից» ինչ որ մեկը կարող է ասել, թե արդյոք Հայաստանի տվյալ պահվածքը կարող է հանգեցնել նման գլոբալ հետեւանքների: Հարավային Կովկասում, ընդհանրապես այս ուղղության վրա այնքան էլ շատ չեն խաղացողները, եւ ոչ մեծ տեղաշարժերը կարող են հանգեցնել էական հետեւանքների: Ռուսաստանի տվյալ սպառնալիքները գործի դրվեցին ոչ միայն ԵՄ հետ ասոցիացիայի համաձայնագրի ստորագրման, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Հայաստանին զենքի սպասվող մատակարարումների կապակցությամբ: Դա ռուսների համար կլիներ վատ երազ լավ գինարբուքից հետո:

 

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն հասկացել են, որ Վրաստանը բավական մեկուսացված է եւ չի կարող միանձնյա կատարել կարեւոր գործառույթներ եվրատլանտյան հանրությունից կտրված, եւ կովկասյան երկու պետությունների՝ Վրաստանի ու Հայաստանի «հանգույցը» կարող էր նկատելի փոխել աշխարհքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Ներկայում մեծ հարված է հասցվել նաեւ Վրաստանին, որն առայժմ մնում է մեկուսացման մեջ:
Առայժմ անհասկանալի է մնում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հարցը: Հարաբերությունները կարող են զարգանալ, չնայած տարածաշրջանում դիմակայության աճին: Այդ կապակցությամբ էլ Հայաստանի դերը կարող էր մեծանալ:

 

Արդյոք ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը սխալներ են թույլ տվել Հայաստանի ինտեգրման հարցում: Իհարկե, սխալներ արվել են, եւ նույնիսկ՝ կոպիտ սխալներ, չնայած Արեւմտյան փորձագիտական հանրության բազմաթիվ զգուշացումներին: ԱՄՆ-ի եւ Եվրամիության համար ոչինչ չարժեր Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալու վերաբերյալ առավել լուրջ լուծումներ ձեռնարկելը, նախեւառաջ՝ զենքի առավել սկզբունքային մատակարարումները:
Արեւմուտքի սխալն այն է, որ չկար Ռուսաստանի հետ դիմակայությունն ուժեղացնելու հարցում ռիսկի գնալու ցանկություն: Այնպիսի քաղաքական առաջնորդների «ընտրանին», որոնք ներկայում նստած են Վաշինգտոնում, Փարիզում, Լոնդոնում եւ Բեռլինում, լիովին համապատասխանում է անատամ քաղաքականությանը:

 

Այսինքն, ինչպես միշտ, Հայաստանի բախտը մի քիչ չբերեց, մնում էր սեփական առաջնորդների վճռականությունը, սակայն դա չէր կարող տեղի ունենալ: Ամենապրագմատիկ բանը, որ ունի պետությունը, հեղինակությունն է, որի շնորհիվ գալիս են ներդրումներ եւ ապահովվում է անվտանգությունը, ընդ որում՝ ամենալայն շրջագծով:

 

Ազգաբնակչությունն այս պատմական պահին նայում էր ֆուտբոլային խաղ, չկասկածելով, որ ապրում է արդեն ոչ թե Հայաստանում, այլ ինչ որ վարչական կազմավորման մեջ: Ներկայում կարելի է ինչ ասես ասել գարշելի էլիտայի մասին, որը կառավարում է մեր երկիրը: Սակայն, ինչ է արել հայ ազգը անկախության ժամանակաշրջանում, նույնիսկ չի կարողացել ընկալել առաջարկված պրեֆերենցիաները:

 

Փական-քարը դարձավ գերեզմանաքար:

 

 

Իգոր Մուրադյան