Այսօր` սեպտեմբերի 9-ին, մեկնարկել են Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները:

 Հարցերով Ազգային ժողովի նախագահին դիմեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 Երկու պատգամավորների հարցերն էլ վերաբերում էին Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը:

 ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ևս առաջարկեց խորհրդարան հրավիրել Էդվարդ Նալբանդյանին:

 

«Ցավոք, հերթական անգամ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում օրակարգի մի նախագիծ, որը շատ քիչ կապ ունի ՀՀ-ում և նրա շուրջ տեղի ունեցող հրատապ զարգացումների հետ:

 

Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀ-ն, ըստ էության, կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին, մի իրավիճակ, որ նախկինում երբեք այսպիսի սրությամբ արտահայտված չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ, և այս ֆոնին հասկանալի է, որ հնչում են գնահատականներ, որ Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհ, որի վերջում ինքնիշխանության կորուստն է: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտաարությունները և Էդվարդ Նալբանդյանի այցերը դեպի Արևմուտք, ափալ-թափալ այցերը, երբ Հայաստանի արտգործնախարարը շատ դեպքում ստիպված է վազել եվրոպացի պաշտոնյաների հետևից, շատ կարևոր և հրատապ հարցեր են առաջացնում, և Ազգային ժողովը ոչ միայն մեկուսացած է գործընթացից, այլև ընդհանրապես գոնե փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի տեղի ունեցողի աշխարհաքաղաքական իմաստի վերաբերյալ:

 

Մենք պետք է այդ հարցը քննարկենք, և ես Ձեզ առաջարկում եմ քառօրյան սկսել միջպետական որևէ պայմանագրի քննարկումով' որպես հիմնական զեկուցող հրավիրելով Էդվարդ Նալբանդյանին, հրավիրելով նաև Սերժ Սարգսյանին, որը ՀՀ բարձրագույն օրենսդիր իշխանությանը կտա անհրաժեշտ և հրատապ պարզաբանումներ, որոնք վերաբերում են ՀՀ-ին և նրա ժողովրդի ապագային, - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վերջինիս ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այնպես չէ, որ ափալ-թափալ, կամ մենք որևէ մեկի հետևից վազում ենք, առաջնահերթ յուրաքանչյուր համաձայնագրի, պայմանավորվածության, համաձայնության հիմքում պետք է դրված լինի մեր պետության, մեր ժողովրդի շահը և, իրոք, ես համոզված եմ, որ Մաքսային միությանը անդամակցելը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից, և ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ մենք մեր ինքնիշխանությունը, ինքնորոշումը կորցնում ենք, հակառակը՝ մենք փորձում ենք նման համաձայնագրերով համագործակցությամբ, կամ նման միություններին միանալով' տնտեսության զարգացմանը նպաստել, փորձում ենք նաև մեր այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր ժողովրդի, պետության առջև, տալ լուծում։ Դա իմ տեսակետն է»: