Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման փաստն, անշուշտ, լրացուցիչ խթան է Սյունիքում վախի մթնոլորտի վերահաստատման և քրեաիշխանության ամրապնդման համար: «Ժառանգություն» կուսակցությունը ձեռնոց է նետել վախի մթնոլորտին՝ մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով թափուր տեղի համար անցկացվող լրացուցիչ ընտրություններին առաջադրելով իր Կապանի կառույցի ղեկավար Սամվել Հայրապետյանի թեկնածությունը: Հաշվի առնելով ընտրատարածքում քաղաքական գործընթացների էքստրեմալ բնույթը՝ որոշեցինք թիվ 38 ընտրատարածքի ընդդիմադիր պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանից ճշտել, թե նախկին մարզպետի մերձավորների ազատ արձակումը ինչ հետևանքներ կունենա մարզում վախի մթնոլորտի ամրապնդման և արդյունքում՝ քվեարկության արդյունքների վրա:
Պատասխանելով մեր զանգին՝ պատգամավորության թեկնածուն նախ առաջարկեց զանգահարել իր մամուլի խոսնակին: Պատճառաբանեցինք, որ հարցը իրեն է ուղղված և կարիք չենք տեսնում զանգահարելու մամուլի խոսնակին: Լսելով Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների անունը՝ Հայրապետյանը շտապ հայտարարեց, որ այդ հարցի շուրջ մեկնաբանություններ չի տալիս. «Այդ հարցով ոչ մի բան չեմ ասում»: Թեկնածուն հրաժարվեց պատասխանել այդ թեմայով մեր մյուս հարցերին ևս:
Անհասկանալի է՝ «Ժառանգությունը» ինչպես է պայքարելու Սյունիքում տիրող բարքերի դեմ, եթե նրա առաջադրած թեկնածուն հրաժարվում է տառ անգամ ասել այն անձանց և երևույթների մասին, ում դեմ, ըստ էության, պայքարում է: Հետաքրքիր է՝ ուրիշ ի՞նչ հարցով են դիմում վերոնշյալ պարոնին, որ անհրաժեշտություն է առաջացել անգամ մամուլի խոսնակ վարձելու: Սյունիքի ընտրությունները ունեն մեկ ինտրիգ՝ թոթափել վախի մթնոլորտը, որ ստեղծել են հենց նախկին մարզպետն իր կողմնակիցների հետ: Եթե այդ հարցերը չեն մեկնաբանվում՝ մամուլի քարտուղարը, ինչ է, իշախառանջների տարածման դեմ պայքարի միջմայրցամաքային կոնվենցիա՞ն պետք է լուսաբանի:
Ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանը ժամադրում էր Սյունիքի մարզպետին, իսկ այժմ նրա կուսակիցը հրաժարվում է որևէ մեկնաբանությամբ հանդես գալ անգամ այն դեպքում, երբ Խաչատրյանը հրաժարական է տվել: Միգուցե մարդուն մենակ են թողել ահռելի մաֆիոզ համակարգի դեմ և նա անվտանգության խնդի՞ր ունի:
Բոլոր դեպքերում, «Ժառանգությունը» պետք է պարզաբանումներ տա՝ ինչու իր թեկնածուն չի տալիս իր դեմ կանգնած համակարգի իրական գնահատականը, կամ ինչու «Ժառանգությունը» չի կանգնում իր թեկնածուի թիկունքին:
Վարուժան Բաբաջանյան