www.tert.am Մաքսային միությանն անդամակցելու որոշումը շուտափույթ ԱԺ օրակարգային հարց դարձնելու պահանջով այսօր սկսվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման չորրորդ՝ աշնանային նստաշրջանը։

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց և հիշեցրեց, որ ԱԺ ԵՄ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահին՝ խորհրդարան հրավիրելու Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներին և տեղեկատվություն ներկայացնելու նման որոշման մասին։

 

«Մինչ քաղաքական որոշումը պետք է նման քննարկում լիներ ԱԺ-ում։ Հրատապ կարգով խորհրդարանը պետք է տեղեկացված լինի տեղի ունեցող, տեղի ունենալիք իրադարձություների մասին»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը։

 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի շեմին, որն ըստ նրա, նախկինում նման սրությամբ չէր եղել։

 

«Էդվարդ Նալբանդյանի ափալ-թափալ այցերը, երբ նա ստիպված է վազել արևմտյան պաշտոնյաների հետևից Հայաստանի Հանրապետության համար հիմա շատ կարևոր հրատապ հարցեր են առաջացնում, ԱԺ-ն ոչ միայն մեկուսացած է դրանից, այլ որևէ տեղեկություն չունի»,– ասաց նա։

 

«Նույնիսկ ընթացիկ օրակարգի շրջանակներում հարցը չի քննարկել և տեսակետներ են հայտնում, թե դրանով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է իր ինքնորոշումը։ Ուստի պահանջում ենք քառօրյան սկսել միջպետական պայմանագրի համաձայնության քննարկումից, ԱԺ հրավիրել Էդվարդ Նալբանդյանին, հրավիրել նաև Սերժ Սարգսյանին, որոնք կտան անհրաժեշտ պարզաբանումներ»,- ասաց նա։

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհարժեշտություն գտավ պարզաբանում տալ։ «Այնպես չէ, որ ափալ-թափալ կամ որևէ մեկի հետևից վազում են, յուրաքանչյուր համաձայնության դեպքում պետք է դրված լինի պետության, ժողովրդի շահը, և այս որոշումն իրոք բխում է ՀՀ-ի շահերից։ Համաձայն չեմ, որ մեր ինքնորոշումը կորցնում ենք։ Դա իմ տեսակետն է և. կարծում եմ, շատ ճիշտ է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ ՀՀ նախագահն իրեն աջակցող քաղաքական ուժերի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հարցը քննարկել է։

 

Նիկոլ Փաշինյանն առարկեց, թե ո՛չ ՀՀԿ, ո՛չ էլ ՀՀԿ-ին սատարող ուժեր անունով պետական մարմին գոյություն չունի և քննարկումը պետք է լիներ ոչ թե նրանց հետ, այլ պետական ինստիտուտների հետ։

 

«Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չէր հայտարարելու, թե իր որոշումը չէր բխում ՀՀ շահերից, բայց կան մարդիկ, ովքեր համոզված չեն, որ այդ պնդումներն ունեն հիմնավորումներ։ ՄՄ-ին միանալով պարզ դարձավ, որ Ասոցացման համաձայնագրի պրոցեսները ձախողվում են, այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ 4 տարի է քննարկում են մի պայմանագիր, որը չէր բխում ՀՀ-ի շահերից, և միայն Մոսկվայո՞ւմ Սերժ Սարգսյանը գլխի ընկավ կամ նրան օգնեցին գլխի ընկնել, որ այն չի բխում ՀՀ շահերից»,- ասաց նա։

 

Պահանջին համաձայնեցին նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը։

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց, թե անպայման կհրավիրվեն քննարկում և կտրվեն պարզաբանումներ։

 

Երբ կրկին ելույթներ հնչեցին, դրա անհրաժեշտության մասին, ԱԺ նախագահի համբերությունը հատեց։ «Հասկացա՛նք, կլինի քննարկում, գաղտնի բան չկա, ես հստակ ասացի, «боевая готовность номер один»»,- ասաց նա և նշեց, որ Սերժ Սարգսյանն օգտվել է նախագահի լիազորություններից, իսկ ԱԺ-ն էլ արդեն կօգտագործի իր հնարավորությունները։

 

Քննարկումը հրավիրելու կոնկրետ ժամկետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չի կարող նշել, քանի որ, ըստ նրա, պետք է նախապես պայմանավորվել, թե երբ ԱԳ նախարարը հանրապետությունում կլինի։