ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պնդում է՝ Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու որոշմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի շեղվում ԵՄ հետ համագործակցությունից: «Հեղաշրջային քայլ տեղի չի ունեցել սեպտեմբերի երեքին… Հայաստանը վարել ու վարում է հայանպաստ քաղաքականություն:

 

Վիլնյուսում չենք ստորագրում Ասոցացման համաձայնագիր եւ ունենք Մաքսային միություն մտնելու մտադրության մասին փաստաթուղթ, երկուսն էլ վերաբերում են տնտեսական բլոկին եւ մեր հիմնական խնդիրն է, որ շփոթում ենք Հայաստանի տնտեսական ճանապարհը Հայաստանի քաղաքական ճանապարհի հետ»,- այսօր Մամուլի ազգային ակումբում «Հայաստանը խաչմերուկո՞ւմ, թե՞ փակուղում. Վիլնյուսից առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Նաիրա Կարապետյանը: Անդրադառնալով քննադատություններին, թե ՄՄ-ին միանալու որոշումը մեկ օրում կայացրած ու անսպասելի որոշում էր, ասաց. «Արտաքին քաղաքականությունը թույլ չի տալիս մանրամասները հանրայնացնել, եւ դա բխում է երկրի շահերից:

 

Երբեւէ նման քննարկումներում Ղարաբաղը պետք չէ դարձնել շահարկման առարկա, Ղարաբաղը այն թեման չէ, որ բերենք մտցնենք տնտեսական բլոկ: Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության երաշխիքների մասին, դա չի նշանակում Ղարաբաղը»: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ Նաիրա Կարապետյանի ելույթից հետո զարմացավ նրա պնդումներից, որ ոչ մի հեղաշրջային բան չի եղել. « Շատ մեծ բան է եղել: Վիլնյուսում վաղը եւ մյուս օրը ամրագրվելու է մի փաստ, որ Հայաստանից դուրս կայացված եւ հեռուստաեթերով հայաստանցիներին ներկայացված որոշումը մեզ ցույց տվեց, որ իրավունք չունենք ընտրել մեր երկրի հեռանկարը, մեր գործընկերներին»:

 

Պարոն Սաֆարյանը հետո հակադարձեց նաեւ Նաիրա Կարապետյանին, որ պնդում էր, թե Հայաստանի տնտեսական ու քաղաքական ճանապարհները տարբեր են. «Իսկապե՞ս ես մինչեւ հիմա չգիտեի, որ այդպես կարող է: Երկիրը չի կարող անվտանգության առումով լինել մի բլոկում, տնտեսական առումով՝ Եվրոպայում: Զվարճանքների առումով՝ Բրազիլիայում: Դուք ասում եք Ղարաբաղը շահարկման առարկա մի դարձրեք, բայց կներեք՝ ո՞վ չկարողացավ հիմնավորել, թե ինչ է Հայաստանը ստանալու ՄՄ-ից, Հայաստանի իշխանություններն են»:

 

Վերջում էլ ասաց, որ ՀՀԿ-ն ինչ էլ հայտարարի, իր համար արժանահավատ չէ եւ ոչ միայն արժանահավատ չէ, այլեւ ասոցացվելու է այն մտքի հետ, թե այս անգամ այդպես են ասել: Նա պնդեց, որ ՄՄ-ին միանալու որոշման հարցում ՀՀ իշխանություններին շանտաժ են արել. «Սերժ Սարգսյանի դեպքում էլ, խաղատներում խաղալու հարցը գնաց հենց ռուսական մամուլում»: