«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, դեպքը տեղի է ունեցել քաղաքում, ես եղել եմ գյուղում, անորոշ վիճակ է իմ մոտ, ես ոչ մի բան չեմ կարող ասել»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարության աշխատակից, նախնական վարկածով ինքնասպանություն գործած Հայկ Հայրապետյանի հայրը՝ Միշա Հայրապետյանը: Հայկի հայրը պատմել է, որ որդին երբևիցե որևէ խնդիր չի ունեցել: «Իմ որդին 6 տարեկան հասակից գնացել է դպրոց, որևիցե հիվանդություն չի ունեցել, ոչ մի խոչընդոտի կյանքում չի հանդիպել, ամեն ինչի հասել է իր ուժերով: Ծառայել է հայոց բանակում, վերադարձել է, քննությունները շատ լավ հանձնել է և նախարարությունում աշխատանքի է անցել, ու չգիտեմ, շուրջ մեկ տարի է աշխատում էր այնտեղ»,- ասել է Միշա Հայրապետյանը՝ ավելացնելով. «Չէ, չէ, բացարձակ դժգոհություններ չի ունեցել իմ տղեն, իրա ապրուստը տեղը, իրա գրպանի փողը տեղը, իրա գաղափարը տեղը: Իմ երեխան յոթ լեզու գիտեր, ամեն ինչի մեջ ինքը առաջավոր էր, պատվոգրերով, շքանշաններով զորացրվել է բանակից»:

 

Հարցին, թե դեպքի օրը տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Հայկը այդ քայլին գնացել է աղջկա պատճառով, Միշա Հայրապետյանը պատասխանել է, որ տեղյակ չէ: «Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչ պատճառներով է եղել, իմ համար մութ է ամեն ինչ»: Հայրը բացառում է ինքնասպանության վարկածը՝ հայտնելով, որ Հայկը երբեք նման քայլի չէր գնա: «Բացառված է, ինքը ոչ մի բանի խնդիր չուներ, որ ինքնասպանություն աներ»: Հայկ Հայրապետյանի հայրը հայտնել է, որ առ այսօր քննիչներ չեն այցելել իրենց գյուղ և որևէ հարցաքննություն չի իրականացվել: Միշա Հայրապետյանի խոսքերով՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ իրենից փորձել են ճշտել միայն լրագրողները:

 

Հայկ Հայրապետյանի ծնողների հետ չի հանդիպել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով հանդիսանում է Հայկի ազգականը: Վերջում Միշա Հայրապետյանը նշեց. «Որ բացահայտվի, միևնույնն է, իմ երեխան հետ չի գալու, որ բացահայտվի կամ չբացահայտվի, ինչ տարբերություն: Իմ համար իմ երեխան էր կարևորը, իսկ երեխան այս պահին չկա…»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի վեցերորդ հարկից ցած էր նետվել և տեղում մահացել: Իսկ մինչ դեպքը Հայկ Հայրապետյանը հեռախոսազրույց էր ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել էր: Դեպքի օրը նաև տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ կատարվածը «սիրո հողի» վրա է եղել, սակայն օրեր անց Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը հայտնել էր, որ այդ հեռախոսազրույցը գործնական է եղել:

 

Փայլակ Ֆահրադյան