a1plus.am ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի տրամադրությունը չի բարձրացել Ազգային Ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի մեկնարկի առիթով. «Ի՞նչ ա, դպրոց ենք էթում, ուրախանանք, թազա շո՞ր ենք հագնելու»։
Նրա շխատասենյակի ընդունարանի առաստաղը կաթում է, ծեփը թափել է, չնայած դրան պատգամավորը հասցրել է տեղեկանալ, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն։ Միանշանակ համաձայն է իր կուսակցության ղեկավարի դիրքորոշման հետ՝ մենք ռուսների հետ ենք.
«Մյուս պետությունները եթե ցանկություն ունեն մեր հետ համագործակցելու այլ հարցերով՝ պաժալուստա»։։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանգստացնում է բոլորին՝ մեր անկախությունը չի պակասի Մաքսային միություն մտնելուց հետո եւ մենք էլ, ինչպես ռուս պաշտոնյաներից մեկն է ասել Հայաստանի մասին, չենք դառնա հերթական Կալինինգրադի մարզը
«Ամեն դուրսպրծուկ չէ, որ բան պիտի ասի հայերին։ Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի»,-ասաց նա։
Միության պայմանագրի մանրամասներին հանրապետական պատգամավորը դեռ ծանոթ չէ, սակայն չի բացառում, որ Հայաստանում ռուսական որոշ ապրանքների գները կիջնեն. «Ըստ երեւույթին հնարավոր է նաեւ՝ գազը»։
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ գործարար Գրիգոր Մարգարյանը ոչինչ չի կարող ասել Մաքսային միությանը կողմ կամ դեմ, աչքով պետք է տեսնի փաստաթուղթը. «Ես կարծիքներ չեմ ուզում տալ, որովհետեւ սա կարծիքի հետ կապված հարց չի»։
Գործարար պատգամավորը չի պատրաստվում վիճարկել ամբողջ հայ ժողովրդի, անունից Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշումը, պատգամավորը քաղաքական գործիչ է եւ չի կարող գնահատել Սերժ Սարգսյանի քայլերը. «Երկրի նախագահի քայլերի ճիշտ ու սխալ որոշողը ես չեմ»։։
Պատգամավորն ասում է, որ ինքը իր կարծիքն ունի Մաքսային միությանը միանալու որոշման մասին, իսկ այդ կարծիքը դեռ չկա։ Նրա կուսակից Գուրգեն Արսենյանն չի թաքցնում Մաքսային միության օգտին իր տեսակետը. «Ես սլավոնական աշխարհի ջերմ կողմնակից եմ»։
Պարոն Արսենյանը նկատել է, որ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Հայաստանի պատմական թելը միահյուսված է ռուսների եւ, ընդհանրապես, սլավոնական էթնոսի հետ։ Ասոցացման համաձայնագրի մասին ոչ մի հարցի հետ ինքը գործ չունի. « Դիմացի փողոց՝ Բաղրամյան 26»