www.lragir.am Չինաստանի ճանապարհին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ղազախստան, ուր տեղի փոխվարչապետի հետ քննարկել է նաեւ Մաքսային միությանն առնչվող տեխնիկական անհրաժեշտ լուծումների փաթեթը, ինչպես հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը:

 

Ղազախստանը Մաքսային միության անդամ երեք երկրներից մեկն է: Մի քանի ամիս առաջ հայկական մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Ղազախստանը Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցում ունի վերապահումներ, որոնք կապված են Ղարաբաղի հետ:

 

Բանն այն է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պարագայում բաց է մնում հարցը, թե ինչպիսի վերաբերմունք է ունենալու Միությունը Ղարաբաղի մասով: Խոսքը Հայաստանի ու Ղարաբաղի սահմանակցությանն է վերաբերում, կամ ավելի շուտ երկու սուբյեկտների միջեւ սահմանի բացակայությանը: Մաքսային միության սահմանը անցնելու է Քաշաթաղո՞վ, թե Աղդամով:

 

Մի քանի օր առաջ ղազախստանցի քաղաքագետներից մեկը նշել էր, թե պաշտոնական Աստանան չի ընդունի Հայաստանի անդամակցությունը «Ղարաբաղով», քանի որ Արցախի հարցում Աստանայի դիրքորոշումն ավելի ներդաշնակ է Բաքվի դիրքորոշմանը, եւ Ղազախստանի իշխանությունը չի ուզում անել քայլեր, որոնք կհարուցեն Բաքվի դժգոհությունը:
Եթե Հայաստանի իշխանությունը Մաքսային միություն մտնելու մասին որոշումը կայացրել է ռուսական ճնշման ներքո, ապա պաշտոնական Երեւանը պետք է որ շահագրգռված լինի Ղազախստանի անզիջում կեցվածքի հարցում, ինչի շնորհիվ կարող է առկախվել Հայաստանի անդամակցության հարցը: Այսինքն, Արցախի հարցում ունենալով ադրբեջանամետ դիրքորոշում, Մաքսային միության հարցում պաշտոնական Աստանայի դիրքորոշումը կարող է ինքնաբերաբար դառնալ հայաստանամետ:

 

Բայց, Աստանայի հետ կաշխատի նաեւ Մոսկվան, որպեսզի խնդիրներ չառաջանան Հայաստանի անդամակցության հարցում: Ղազախստանը ԽՍՀՄ փլուզումից հետո մշտապես սերտ հարաբերության մեջ լինելով Մոսկվայի հետ եւ ինչ որ տեղ ընդունելով երկրորդի դիրքը, այդուհանդերձ միշտ էլ փորձել է դրսեւորել ինքնուրույնություն եւ ցույց տալ, որ Մոսկվայի հետ հավասար գործընկեր է, ոչ թե ենթակա: Հիշարժան է օրինակ, որ երբ Պուտինն առաջին անգամ հրապարակեց Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը՝ հոդվածով, դրանից քիչ անց հոդված հրապարակեց նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որտեղ հիշեցնում էր, որ այդպիսի միության գաղափար ինքն առաջ է քաշել դեռեւս 1991 թվականին եւ ինքն է հանդիսանում գաղափարի հեղինակը, հետեւաբար նա առաջարկում էր ապագա միության կենտրոնակայան կամ մայրաքաղաք դարձնել Աստանան:

 

Ընդհանրապես, վերջին շրջանում Աստանան մի քանի այսպես ասած ոչ բարեկամական քայլեր է արել Մոսկվայի հանդեպ: Բավական մեծ է ռուսների արտահոսքը Ղազախստանից:
Բայց արդյոք Աստանան ունի բավարար ներուժ, որպեսզի կարողանա մինչեւ վերջ պաշտպանել իր հավակնությունները: Դա նպաստավոր կլինի Հայաստանի համար, որովհետեւ Մաքսային միության մեջ մրցակցությունը կարող է փոքր ինչ մեղմել այն ճնշումը, որ Հայաստանին սպառնում է այդ միության անդամակցությամբ: Սա իհարկե հարաբերական շահավետություն է, այսպես ասած մխիթարական «մրցանակ», բայց եթե գոնե դա լինի, ապա գուցե առաջանան դրանից օգտվելու որոշակի հնարավորություններ:

 

Թեեւ, այդ հնարավորություններն օգտագործելու համար հարկավոր է քաղաքական կամք, պետական արժանապատվություն, պետական մտածողություն: Պաշտոնական Երեւանի դեպքում, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, պետական քաղաքականությունն այդ ամենի փոխարեն հիմնված է ընդամենը անձնական խնդիրների վրա: Հետեւաբար ավելի մեծ է հավանականությունը, որ պաշտոնական Երեւանը Մոսկվայի ու Աստանայի հակասությունների վրա կփորձի լուծել ընդամենը անձնական խնդիրներ՝ թե Մաքսային միության շրջանակում, եւ գուցե նաեւ Արեւմուտքում:
Թեեւ, չի բացառվում նաեւ, որ Հայաստանը ոչ թե հակասություններից է փորձում օգտվել, այլ ընդամենը Հայաստանի վրա է մնացել նաեւ ղազախների վերապահումը հաղթահարելու խնդիրը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ