www.galatv.am  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Եսայանի սպանության գործի քննության ժամանակ վերջապես սկսվել է գործում առկա տեսանյութերի դիտումը:

Հիշեցնենք, որ այս գործը հանրության շրջանակներում խիստ հնչեղություն է վայելում նաև այն բանի համար, որ դաժանորեն սպանված երիտասարդը՝ Կարեն Եսայանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր, ով սպանվեց հենց նշանադրության օրը: Վերջին անգամ Կարեն Եսայանին տեսել են Գյումրի քաղաքի ավտոլվացման կետերից մեկում, որից հետո նրան արդեն սպանված են գտել: Եվ հենց այդ ավտոլվացման կետի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների արձանագրումն էլ դրված է քրեական գործի հիմքում: Տեսագրությունների դիտումը երկար ժամանակ ձգձգվում էր:

Այսօր մինչ տեսանյութերի ցուցադրությունը երկար բանավեճ տեղի ունեցավ ամբաստանյալ կողմի փաստաբանների և մեղադրող կողմի ներկայացուցչի միջև: Բանն այն է, որ Հարություն Սարգսյանի փաստաբանները ցանկություն էին հայտնում դատարանում ցուցադրել այն ամբողջ տեսանյութը կամ մայր օրինակը, որը արձանագրել էին դեպքի օրը ավտոլվացման հարևանությամբ առկա տեսախցիկները: Իսկ մեղադրող կողմը միջնորդում էր դատարանին ցուցադրել մայր տեսանյութերից սինթեզված և մոնտաժված տեսանյութեր, որոնք կրկնօրինակվել են սկավառակների վրա:

«Մենք գտնվում ենք իրեղեն ապացույցների ուսումնասիրման փուլում, իսկ այս գործում իրեղեն ապացույցները հենց առկա տեսանյութերն են, այն տեսանյութերը, որոնք արձանագրվել են տեղում, և ոչ թե նրանք, որոնք փորձագետի կողմից և քննիչի ընտրությամբ առանձնացվել են որպես գործի հետ առնչություն ունեցող կադրեր: Իսկ ինչո՞ւ է քննիչը կամ փորձագետը որոշում, թե այդ տեսանյութերից որոնք են առնչվում այս գործին և որոնք չեն առնչվում, ինչո՞ւ պետք է մենք մայր ապացույցը թողած դրանից սինթեզվածը ուսումնասիրենք»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Իսկ պետմեղադրող կողմը գտնում էր, որ պետք չէ հավելյալ ժամանակ ծախսել, քանի որ փորձագետն արդեն ուսումնասիրել է, և գործում առկա է նաև փորձագետի եզրակացությունը:

Դատարանը որոշում կայացրեց բավարարել ամբաստանյալ կողմի փաստաբանի միջնորդությունը և որոշում կայացրեց բացել այն վեց փաթեթները, որոնք կրում էին դեպքի օրվա ողջ տեսագրությունը ավտոլվացման կետի մոտակայքում: Սակայն պարզվեց, որ այդ փաթեթներից առաջինում առկա չմոնտաժված, մայր օրինակ տեսանյութերը դիտել հնարավոր չէ, քանի որ կային տեխնիկական անսարքություններ:

Ամբաստանյալ կողմի փաստաբանները հակված էին կարծելու, որ այդ անճշտությունները չէին կարող լինել պատահականության արդյունքում, բացի այդ, նրանք հայտարարեցին, որ պետմեղադրողը միտումնավոր ժամանակ է ձգձգում և ունի նպատակ թույլ չտալու, որ տեղի ունենան առաջին օրինակի տեսանյութերի դիտում:

Այնուամենայնիվ, դատավորը որոշեց բացել երկրորդ փաթեթը և այս անգամ արդեն սկսվեց չմոնտաժված տեսանյութերի երկրորդ փաթեթի դիտումը, որը դարձյալ կարճ ժամանակ անց ընդհատվեց: Դատական նիստը հետաձգվեց: Կշարունակվի հաջորդ շաբաթ: