tert.am  Սուրեն Զոլյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին՝ նշելով, ինքը սրիկայություն է համարում այն հայտարարությունները, որոնցով փորձ է արվում Մաքսային միությանը միանալու որոշումը կապել Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ։ Ըստ քաղաքագետի՝ ամենացավալին այն է, որ Հայաստանին չեն սպասում ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ էլ Մաքսային միությունում։

 

- Պարոն Զոլյան, ներկայացվում է, որ Հայաստանի համար բացառիկ պատմական պահ է՝ իր բացառիկ պատմական ու քաղաքական վտանգներով ու մարտահրավերներով: Նաև՝ հնարավո՞ր համարում եք, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրի ինչ-որ մոդիֆիկացված տարբերակ ստորագրի:

 

- Հարցը շատ ավելի խորն է, քանի որ դրա քննարկումներին հետևել եմ հեռվից՝ գտնվելով Հարվարդի համալսարանում, հնարավոր է, որ որոշ մանրամասներ բաց եմ թողել, բայց, ինչպես ասում են՝ կողքից մեկ-մեկ ավելի լավ է երևում: Եվ այն, ինչ նկատել եմ, այն է, որ այդ բանավեճի հիմնական հարցադրումը, որ այսօր կա՝ Ռուսաստա՞ն, թե Եվրոպա, կեղծ է և շինծու:

 

Նախ, հիմնական ողբերգությունն այն չէ, որ մենք մտնում ենք Եվրոպա, խզում ենք կապերը Ռուսաստանի հետ կամ հակառակը, մտնում ենք Մաքսային միություն և համապատասխանաբար, հրաժեշտ ենք տալիս Եվրոպական քաղաքակրթությանը: Դժբախտությունն այն է, որ Հայաստանը դարձել է մեկ մարդու հանրապետություն, ինչպես մինչ այդ՝ Հանրապետական կուսակցությունն էր դարձել մեկ մարդու կուսակցություն: Եվ այդ որոշումները, որ կայացվում են չեն էլ քննարկվել:

 

Տեսե՛ք՝ ինչ կեղծ սպասելիքներ էին ներշնչվում: Մենք, իբր, նոյեմբերին պետք է դառնայինք Եվրոպայի համարյա անդամ: Այդպես չէ, մենք չգիտեինք, թե ինչի էինք միանում: Դա այն դեպքն է, երբ «այո» ասողը չգիտեր ինչին է «այո» ասում և դեմ ասողը՝ ինչին: Սա, ի դեպ, մեջբերում է Քադաֆիից, որը հայտնել էր եվրոպական հանրաքվեի գաղափարի վերաբերյալ: Ցավոք սրտի, մեր պարագայում դա հենց բառացի է արտահայտվում, որովհետև ո՛չ Մաքսային միության պայմանագիրն ենք տեսել, ո՛չ էլ Ասոցացմանը:

 

- Այնուամենայնիվ, գոյություն ուներ մոտ 1000 էջանոց փաստաթուղթ, որը հասու էր ինչ-ինչ շրջանակների:

 

- Ես ասում եմ՝ Հայաստանը դարձել է մեկ մարդու հանրապետություն, այն էլ այդ մարդը ավելի շատ ինչ-ինչ շրջանակների գործակատար է, քան որոշում կայացնող: Այդ մասին է խոսքը: Ինչ նկատի ունեմ, եթե խոսքը եվրոպական արժեքների մասին է, ակնհայտ է, որ եվրոպական արժեքները սկսվում են պատասխանատու և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունից և երկրորդը, երբ իշխանությունները և պաշտոնյաները հարգում են մարդու իրավունքները, այդ թվում՝ տեղեկատվության իրավունքը, այլ ոչ թե ինչ-ինչ շրջանակների կամայական որոշումներ կայացնելու իրավունքը: Իսկ ին՞չ են տալու պայմանագրի բարեհունչ ձևակերպումները մեզ հայտնի չէ, և հենց պայմանագրի գաղտնիությունն է, որ դարձել է հիմնավոր մտահոգության աղբյուր:

 


Որպես օրինակ բերեմ Վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը. այո՛, եվրոպացիների համար այն հեշտացվել է, և եթե ՀՀ քաղաքացու անձնագրում կնիք է դրվում, ապա եվրոպացիները դա էլ չեն անում: Բայց Հայաստանի քաղաքացու համար շենգենյան վիզան մնում է պարտադիր, ավելին, Հայաստանի քաղաքացու արտաքսման ծախսերը դրվում են Հայաստանի վրա: Բայց կային և ավելի լուրջ պատճառներ կասկածելու, որ պայմանագրի ստորագրմամբ լուծվելու են ՀՀ բազմաթիվ հիմնահարցեր, ամրագրվելու է եվրոպական արժեհամակարգը և արդարադատությունը: Եվրոպան ու Բրյուսելի բյուրոկրատիան նույն բանը չէ, և եթե աչք են փակում հենց այսպիսի անհամատեղելիությունների վրա, նաև՝ եվրոպական արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, կեղծված ընտրությունները և ոչ լեգիտիմ իշխանությունները, ապա բնական է, որ կարող են աչք փակել շատ ու շատ բաների վրա: (Հիշենք միայն Հանրապետական կուսակցության դաշնակից Եվրոպական Ժողովրդավարական կուսակցության նախագահ պարոն Ուիլֆրիդ Մարտենսի ցինիկ հայտարարությունները ընտրություններից առաջ և հետո):

 

Եվ այս առումով ինձ համար այդքան էլ հասկանալի չէր, թե ինչու են տարբեր տրամաչափի եվրաբյուրոկրատները շտապում Հայաստանի հետ ինչ-որ բան նախաստորագրել: Համենայն դեպս, դրա պատճառն այն չէր, որ Հայաստանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ինչպես մեզ փորձում են համոզել: Դա ինձ ավելի շատ հիշեցնում է քաղաքական խաղ, որտեղ ի դեպ, հիմնական թիրախը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ համար Հայաստանը չէր, այլ՝ Ուկրաինան:

 

Հիմա երկրորդ հարցադրումս, թե ինչու եմ այս բանավեճն ինչ-որ առումով շինծու համարում, և նրանք, ովքեր մասնակցում են, իմ կարծիքով՝ կատարում են հենց այդ Ձեր նշած շրջանակների պատվերը:

 

Տպավորություն է ստեղծվում, որ մենք վաղը մտնում ենք Մաքսային միություն և դառնում ենք Ռուսաստանի մաս: Այդպես չէ, իրականում նրանք, ովքեր խոսում են Հայաստանի ինքնիշխանությունից, թող գիտակցեն, որ Հայաստանը արդեն վաղուց դարձել է Ռուսաստանի մարզ, բայց Ռուսաստանը որևէ պատասխանատվություն չի կրում նրա համար, թե ինչ կատարվում է Հայաստանում (այսինքն՝ գործում է դասական նեոգաղութարարական, «նեոկոլոնիալ» մոդելը): Վերցրե՛ք տնտեսական համագործակցության կառուցվածքը, ռազմավարական ենթակառույցների պատկանելիությունը, վարկերի և պարտքերի կառուցվածքը և վերջապես՝ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին: Եվ եթե իր մարզի բնակչության առջև Ռուսաստանն ինչ-որ պատասխանատվություն ունի, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ, նա ունի բազմաթիվ իրավունքներ, բայց ոչ մի պատասխանատվություն:

 

Նման իրավիճակը այսօրվա ռեժիմի վարած քաղաքականության, ավելի ճիշտ' դրա բացակայության հետևանք է, քանզի ռեժիմի հիմնական նպատակը ինքնապահպանում և վերարտադրումն է: Լավ' դա թե վատ, սակայն Մաքսային միության վերաբերյալ թող չստեղծվի պատրանք, որ հենց վաղը ընդունելու են Հայաստանին Մաքսային միություն: Ո՛չ, դա բավականին երկար ճանապարհ է, թող նայեն, թե դա ինչպես է արվում Ղրղըզստանի հետ, որն արդեն 1, 5 տարի է՝ դիմել է և մինչև հիմա նայում են, թե ինչքանով են իրար համապատասխան օրենսդրությունն ու տնտեսական համակարգերը: Չմոռանանք, որ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, ի տարբերություն Հայաստանի, բավականին զարգացած տնտեսական համակարգ ունեն: Եվ բոլորովին էլ չեն ուզում իրենց վրա վերցնել լրացուցիչ բեռ: Այսինքն՝ դա բավականին լուրջ պրոցես է: Մաքսային միությանը միանալու հայտարարության հիմնական նպատակը այս պահին' նախաստորագրվող պայմանագրին խոչընդոտելն է:

 

- Ասում եք՝ Հայաստանի վրա ճնշում չի եղել, մինչդեռ բացի ՀՀԿ-ից բոլորը նշում են, որ շատ մեծ ճնշումներ են եղել, որոնց մասին տեղեկացվել են դիվանագիտական խողովակներով:

 

- Ես նման բան չեմ ասում, սակայն դա այդքան էլ կարևոր չէ: Մի գուցե և կան նրանք, ովքեր դիվանագիտական խողովակներով ինչ-որ կոնֆիդենցիալ ինֆորմացիա ստացել են, ես նման գաղտնի տեղեկություններ չունեմ, ուստի կարող եմ գնահատել միայն այն, ինչ իրականում կատարվում է: Եթե խոսքը գազի գնի մասին է, ապա այդ մասին որոշումը կայացվել է դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսին, ուղղակի ՀՀ իշխանությունների խնդրանքով դա հրապարակվել է միայն ընտրություններից հետո: (Թեև Հայաստանի էներգետիկայի նախարարը «մոռացել» է, երբ է այս պայմանագիրը ստորագրվել – ևս մի պետական գաղտնիք): Կարող ենք նայել նաև նախորդ տարվա դեկտեմբերի մամուլը, որտեղ նշվում էր, որ Հայաստանի կենտրոնական բանկը հաշվարկները կատարել նոր գնին համապատասխան: Իսկ իրական ճնշումները եղել են Ուկրաինայի նկատմամբ:

 

- Բայց այստեղ խոսվում էր Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու սպառնալիքին մասին:

 

– Ես ուղղակի ստորություն և սրիկայություն եմ համարում այն տեսակետը, որտեղ փորձ է արվում Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը արդարացնել Արցախի գործոնի միջոցով: ԼՂ հիմնահարցը քսանհինգ տարվա վաղեմություն ունի և այսպես չէ, որ այն նոր է ծագել: Ինչ է՝ մի օրվա ընթացքո՞ւմ այդ հարցը ծագեց: Կրկնում եմ՝ եթե նման բան ասողները Ձեր կողմից «նշված շրջանակներ են» կամ խաբեբա կամ՝ անմեղսունակ, եթե իրոք չգիտեին, որ Ղարաբաղի գործոն գոյություն ունի: Դա այսօր կիրառվող ամենաստոր հնարքն է,թե իբր այդ քայլով ինչ-որ փրկում են Ղարաբաղը: Իրականում նման մոտեցումներով մենք զգալիորեն նվազեցնում ենք Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունները, բայց դա առանձին հարց է, որը ես պատրաստ եմ ավելի մանրամասն հիմնավորել:

 

Հիմա գալիս ենք այն հարցին, թե ինչքանով է ավարտված Եվրոպայի հետ համագործակցությունը: Մենք այս պահին եվրապաշտոնյաներից ստանում ենք մի փոքր տարբերվող «մեսիջներ»: Մեկ ասվում է, որ ամեն ինչ ավարտված է, ոչ մի Ասոցացման պայմանագիր չկա և չի լինելու, բայց մյուս կողմից ասվում է, որ ինչ-որ բան դեռևս հնարավոր է: Ես դա համարում եմ հայտնի խաղ՝ «չար–բարի ոստիկան»: Ամեն դեպքում, ինչ-ինչ հռետորաբանական հնարքներ հնարավոր են: Այս պահին հիմնական խնդիրը դեռ որոշված չէ, որովհետև որոշված չէ, թե ինչպես է պահելու Եվրոպան իրեն Ուկրաինայի հետ, և ինչ դիրքորոշում կորդեգրի Ուկրաինան: Չեմ բացառում, որ գործընթացն ամբողջությամբ չտապալելու նպատակով ինչ-ինչ, ոչ մի էական բան չասող հուշագիր կարող է ստորագրվել: Բայց դա չի լինելու ո՛չ հիմնական իրավական պարտադրող փաստաթուղթը և ո՛չ էլ Ասոցացման մասին համաձայնագիրը, ո՛չ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Իսկ թե լավ է, թե ոչ՝ ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ բովանդակությանը ծանոթ չեմ:

 

- Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ասելով, որ մեզնից շատ մեծ գին է պահանջվում, կոչ արեց, որ ՀՀ իշխանություններն ընդգծեն, որ կմիանան այն մաքսային միությանը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նա նշեց, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ–ն այս հարցում երկակի ստանդարտներ ունեն: Մեկը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, բայց ոչ Ղարաբաղինը, մյուսը՝ Հարավային Օսիայինն ու Աբխազիայինը:

 

- Ես դեռ հինգ տարի առաջ ասում էի, որ նման հարցադրում պետք է դնել Մինսկի խմբի համանախագահների առաջ, որովհետև երկու պետություն՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ճանաչել են Կոսովոն, Ռուսաստանն էլ՝ Աբխազիան և Հարավային Օսիան: Բայց ողջ դժբախտությունն այն է, որ թեև այդ առաջարկը շատ լավն է, շատ գեղեցիկ կհնչեր, բայց մենք պետք է ելնենք իրականությունից, մենք այն վիճակում չենք, որ ինքներս պայմաններ թելադրենք:

 

Այսօր Հայաստանի տնտեսությունն այն վիճակում է և ունի մոտ 5 մլրդ. դոլարի (տոկոսադրույքների հետ) արտաքին պարտք, ընդ որում մեկ միլիարդը պարտավոր ենք վերադարձնել մինչև մյուս տարվա ավարտը: Բայց չունենք ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ունենք հեռանկարներ, թե ինչպես դրանք մարել: Չկա տնտեսական աճ, և միայն հանքերի օգտագործման հաշվին աճի ինչ-որ թվեր են հրապարկվում:

 

Բայց դա էլ հնարավոր չէ երկար շարունակել: Իմ կարծիքով՝ դատելով դրանից, որ բարելավմանը միտված որևէ քայլ չի կատարվում, այսօրվա իշխանությունները, արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ անկարող են իրավիճակը շտկել և տանում է քաղաքականություն, որ երկրի կործանումից գոնե օգուտ ունենան, օգտվեն կործանման եզրին գտնվող տնտեսական ու քաղաքական համակարգերից Մոտավորապես այն սկզբունքով, որ ասում են՝ սատկած էշի նալերը ինչ-որ արժեք են ներկայացնում:

 


Այս առումով, Հայաստանի վերաբերյալ իմ բարեկամ Ռուբիկ Հակոբյանի ցանկությունը շատ բարի ու ազնիվ, բայց դա ընդամենը ցանկություն է: Այսօրվա ինքնակոչ վարչակարգի հպատակ դարձած Հայաստանը ի վիճակի չէ ինչ-ինչ պայմաններ դնել: Եվ ամենամեծ դժբախտությունն այն է, որ իրականում մեզ չեն սպասում ո՛չ ԵՄ-ում, ո՛չ Մաքսային միությունում: Ոչ մեկին լրացուցիչ բեռ պետք չէ: