panorama.am Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները: Շենքից դուրս գալով, արդեն նախկին պաշտոնյան համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին:
Նրանց բոլորին մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տալուց հետո Հովսեփյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ասաց, որ դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը:
«Շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտությամբ զբաղեցնել այդպիսի բարձր պաշտոն և ծառայել իմ պետականությանը, հայրենիքին: Այդ տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որոնք դրված են եղել դատախազության առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, իմ բոլոր ընկերներին, կառավարությանը, Ազգային ժողովին, իմ ընտանիքի անդամներին, Ձեզ, հարգելի լրագրողներ, որ այդ տարիների ընթացքում, իսկ այդ պաշտոնավարությունը եղել է շատ դժվար տարիների ընթացքում, Ձեր օգնությամբ ու բոլորի օգնությամբ ես հնարավորություն եմ ունեցել կատարելու իմ պարտականությունները որպես գլխավոր դատախազ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հովսեփյանը:
Նա ասաց, որ իր ղեկավարման տարիներին դատախազական համակարգը կայացել է, և կարգավորվում է միջազգային ստանդարտներին համահունչ օրենսդրությամբ, ու գոհ կլիներ, որ նորանշանակ դատախազը պահպաներ այդ ամենը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե որտեղ է աշխատելու հետագայում և արդյոք շարունակելու է հասարակական գործունեությունը: Ի պատասխան, Հովսեփյանն արձագանքեց. «Հասարակական գործունեությունը ակտիվ եմ շարունակելու: Ցավոք սրտի մեր հասարակության մեջ թույն կաթացնողները շատ են և օր օրի վրա ավելանում են: Այն, ինչ ես անում եմ ուղղակի հակաթույն է մեր հանրությունը թունավորելու դեմ և ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունը առողջ ապրի»:
Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարմանը, Հովսեփյանը ոչինչ հստակ չասաց, ուղղակի նկատեց. «Մենք դեռ միասին աշխատելու ենք»:
Լրագրողների հետ կարճատև զրույցից հետո Աղվան Հովսեփյանը վերցրեց պիջակը և քայլեց Վազգեն Սարգսյան, այնուհետև Ամիրյան փողոցով դեպի Սարյան փողոց, իր տուն: Նրա հետևից սակայն, երբ քայլում էր փողոցով, գնում էին անվտանգության երկու աշխատակիցներ: