Tert.am  «Ամեն ինչ լավ ա մըր գյուղում, մենակ թե խաղաղություն լինի», «Սոտ ա ասում, ոչ մի բանն էլ լավ չի, գյուղում մարդ չի մնացել, պառավներն են մնացել ու էլեկտրիկը». այսպես ասում, խոսում ու վիճում են Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի երկու նախկին բնակիչներ, որոնց համար հայրենի գյուղն արդեն մի քանի տարի է ծառայում է միայն որպես ամառանոց:

 

Մարզկենտրոն Կապանից 20 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում, ինչպես բնակիչներն են ասում, մարդ չի մնացել, մշտական բնակվում են մի քանի ընտանիքներ, որոնց մտքում էլ գյուղից դուրս գալու հեռանկարն է:

 

Գյուղապետ Արծրունի Հարությունյանը, չթաքցնելով մտահոգությունը դատարկվող գյուղի ֆոնին, ասում է, որ արդեն չորրորդ տարին է՝ գյուղում առաջին դասարանցի չկա: «Եթե ծնունդ չկա, որտեղի՞ց լինի առաջին դասարանցի, վերջին վեց տարին ծնունդ չկա գյուղում, ու մի հինգ ընտանիք ա, որ երեխա ունի»,- «People in need» կազմակերպության նախաձեռնած լրագրողական շրջայցի մասնակից լրագրողներին ասաց նա և հավելեց. «Մեծերը մահանում են, ջահելները չկան, գնում են, հետ էլ չեն գալիս»:

 

Ճակատենում այսօր 144 բնակիչ կա, 45 տնտեսություն: «Մի քանի տարի առաջ մի 170 բնակիչ կար, բայց մահացածների թիվն էլ է բարձր, ծերերը շատ են, էլ գնացող չունենք, որովհետև գյուղում երիտասարդ չկա, ով հնարավորություն ուներ՝ գնացել ա»,- ասում է գյուղապետը:

 

Գյուղի խնդիրների շարքում առաջին տեղերում են ջրի, մանկապարտեզի բացակայությունը: Ինչպես գյուղապետն է ասում, մարդիկ հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում, բայց ջրի խնդիր կա, հետո էլ ստեղծված արտադրանքը չեն կարողանում իրացնել շուկաներում, տանում են քաղաք, առնողներն էժան առնում են, ու մարդիկ խաբված ետ են գալիս: «Ամեն տարի երիտասարդ ընտանիքները գնում են արտերկիր, գնում են ու էլ ետ չեն գալիս: Աշխատատեղեր չկան»,-ասում է Արծրունի Հարությունյանը:

 

Ճակատենցի 4-ամյա Գագուլիկը նույնպես շուտով կլքի գյուղը, քանի որ մանկապարտեզ պետք է հաճախի: Իսկ այդ շուտովն այս տարվա հոկտեմբերին է: Ինչպես երեխայի մայրն է ասում՝ հոկտեմբերին կգնան:

 

Այն, որ գյուղը ծերերի և «դաչվորների» գյուղ է դարձել, Ճակատենի նախկին բնակիչ, այսօր արդեն «դաչվոր» Ռամելա Հարությունյանն էլ հաստատեց: «Կարծես թե դառած է ծերանոց, երիտասարդն էստեղ մնա, ինչո՞վ ապրի»,-ասում է նա և մտահոգ ձայնով ավելացնում. «Գյուղատնտեսությունը վերանալու ա»:

 

Այդուհանդերձ Ճակատենի խուլ իրականության հոգսաշատ, բայց ուրախ, հպարտ, ու հայրենի հողին կառչած ներկայացուցիչները հիմնականում ասում են. «Մեռնենք էլ՝ էստեղ, ապրենք էլ՝ էստեղ»:

 

 

Տեսանյութը` ստորև