tert.am Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպմանը կոչ է արել երիտասարդությանը հանդես գալ երկրի եվրոպամետ ուղղության օգտին և դեմ լինել Եվրասիական միություն մտնելու գաղափարին, գրում է Коммерсантъ թերթը։

 

Դա, ըստ նախագահի, «կպաշտպանի Վրաստանը կոռուպցիայից ու տարատեսակ սարսափներից», որը բնորոշ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվող կառույցին։

 

Նա ասել է, որ հիասթափված է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանի՝ եվրասիական ինտեգրման հեռանկարների մասին անսպասելի հայտարարությունից։

 

«Մինչև վերջերս այդ հարցը լուծված էր թվում, սակայն հանկարծ կառավարության ղեկավարը հայտարարեց, թե ուսումնասիրում է այն»,-ասել է Սաակաշվիլին։

 

Ի՞նչ է նշանակում Եվրասիական միություն. իր հարցին նախագահն էլ պատասխանել է. «Դա իշխանությունների անպատասխանատվությունն է, ընդդիմադիրների ձերբակալությունները, փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները»։ Նաև հավելել, որ Իվանիշվիլիի օրոք Վրաստանը կամաց-կամաց վերածվում է Եվրասիայի։

 

«Նշե՛ք եվրասիական նախագծի անդամ մի երկիր, որը չի համապատասխանում ասածներիս»,-ասել է նա։

 

«Որքան ոչնչություն ես, այնքան ավելի մեծ շանսեր ունես միություն մտնելու։ Գլխավորը՝ հասնել կոռուպցիայի անհրաժեշտ մակարդակի»,-ասել է Վրաստանի նախագահը՝ ուսանողներին կոչ անելով թույլ չտալ, որպեսզի Իվանիշվիլին Վրաստանը տանի աղբանոց։