Այն, որ ՀՀ նախագահը հայտարարում է Մաքսային միությանը անդամակցելու իր որոշման մասին, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ են անում Ասոցացման կամ ԵՄ-ի հետ որևէ այլ փաստաթուղթ ստորագրելու մասին, խոսում է ներկայիս իշխանության անպատասխանատվության բարձր աստիճանի մասին: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Զարմանում եմ իշխանության ինֆորմացվածության, բարոյականության, պատասխանատվության վրա: Ինչպե՞ս կարելի է նման բաներ հայտարարել: Սերժ Սարգսյանը դեռ Մոսկվայում էր Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին հայտարարելուց հետո, էստեղ մարդիկ ասում էին, որ իրենք նաև Ասոցացման համաձայնագիր են ստորագրելու»,– ասաց նա:
«Բրյուսելում էլ ասացին դրանք իրար հետ չեն տեղավորվում, էս մարդիկ ասում են՝ գալու են: Ֆյուլեն ասում է արդեն ճանապարհը փակվել է, սրանք ասում են չէ՝ «և՛-և՛» լինելու է: Ինչքա՞ն կարելի է լինել պետության ղեկին ու այդքան անպատասխանատու»,-ասաց պատգամավորը:
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ինքը, լինելով ընդդիմության ներկայացուցիչ, իրեն ավելի շատ է պատասխանատու զգում պետության ճակատագրի համար, քան ներկայիս իշխանությունը:
«Դա երևում է իրենց բոլոր հայտարարություններից, իրենց ինտերվյուներից, գործելակերպից: Չգիտեմ, միգուցե հույս ունեն նորից ժամանակ շահեն, միգուցե մտածում են, որ Եվրոպան կփորձի ինչ-որ բան փոխել ու չձախողել համաձայնագրի ստորագրումը: Հույս ունեն ինչ-որ ուրիշ բան ստորագրել, որը հեռու է Ասոցացման համաձայնագրից կամ առևտրի գոտուց: Միգուցե հույս ունեն, որ երեսները կփրկվի կամ էլ պարզապես բաց կեղծարարությամբ են զբաղված, գիտեն՝ ինչ է տեղի ունենում, բայց փորձում են ծածկել»,- ասաց Արամ Մանուկյանը: