Tert.am Բրիտանացի հայտնի կասկադյոր Էդի Քիդը, որը վնասվածք էր ստացել ու գամվել անվասայլակին, պատմել է, թե ինչպես է իր հետ վարվել կինը, հայտնում է vesti.ru-ն:
Օգոստոսին Քիդի կնոջը' Սամանտային, ձերբակալել և 5 ամսվա ազատազրկման էին դատապարտել հաշմանդամ ամուսնուն ծեծելու համար:
Էդի Քիդը հայտնի էր դարձել 1980-90-ականներին' իր ռիսկային հնարներով ու թռիչքներով: Նա, մասնավորապես, եղել է Levi's ընկերության դեմքը, իսկ նկարահանման հրապարակում եղել Հարիսոն Ֆորդի և Մայքլ Դուգլասի կրկնորդը: Մի անգամ մոտոցիկլետով թռել է անգամ Չինական մեծ պարսպի վրայով: 1996-ին սարսափելի ավտովթարը վերջ է դրել նրա կարիերային. Քիդի 6 ողերը կոտրվել էին:
2010-ին նա ամուսնացել է նախկին մերկապարուհի Սամանտայի հետ: Եվ այդ ժամանակից ենթակա է եղել նրա բռնություններին:
Քիդը պատմել է, որ կինը կարող էր խմել ու իրեն ծեծի ենթարկել անգամ իրեն խնամող բուժքրոջ ներկայությամբ:
Ամեն օր խոսել է նաև ամուսնուց հեռանալու մասին, ինչը հոգեբանական ճնշում է: Քիդի համբերության բաժակը լցվել է, երբ արքայազն Չարլզը իրեն Բրիտանական կայսրության պարգև է շնորհել Բուքինգեմյան պալատում, իսկ կինը հարբել է և փորձել ամեն ինչ փչացնել:
54-ամյա Քիդն ասել է, որ ծեծն իր համար նվաստացուցիչ ու ամոթալի է, սակայն նա սիրել և դեռ սիրում է կնոջը: