168.am Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթևան գյուղում խնդիրները շատ են: Փոքրիկ այս գյուղում, ուր ապրում է ընդամենը 60 ընտանիք մոտ 180 բնակչով, գերակշիռ մասը ազգությամբ եզդի են: Օթևան գյուղը գտնվում է լեռնային գոտում: Գյուղապետի խոսքով՝ հենց սա է պատճառը, որ գյուղացիները չեն կարող զբաղվել անասնապահությամբ: Համայնքը չունի նաև ոռոգման համակարգ, նաև խմելու ջուր չկա գյուղում:

 

Արդեն 20 տարի Օթևան համայնքը ղեկավարող ազգությամբ եզդի Բրո Ֆատոյանը նշում է, որ թեև գյուղն ունի միջնակարգ դպրոց, սակայն չափազանց քիչ են դպրոցահասակ երեխաները: Գյուղում չկա մանկապարտեզ, բայց, գյուղապետի խոսքով, մանկապարտեզ լինելու դեպքում անգամ այնտեղ հաճախող երեխաներ չեն լինի, քանի որ համայնքում մանկահասակ երեխաներ ընդհանրապես չկան, երիտասարդները կամաց-կամաց հեռանում են:

 

Գյուղում չկան նաև աշխատատեղեր: Նշենք, որ նույն վիճակն է նաև հարևան Միրաք, ինչպես նաև Թլիկ եզդիաբնակ գյուղերում: Այս երեք գյուղում էլ խնդիրները նույնն են՝ ոռոգման համակարգի բացակայություն, գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհներ: