«Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտված է, և օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18– ին:
Ձերբակալվել են Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը՝ վերջինիս հորը թունավորելու մեղադրանքով
Փաստաբան Գայանե Գալոյանը թերթի հետ զրույցում ասել է. «Կարծում ենք, որ մեղադրանքը ճիշտ չէ։ Ըստ մեղադրանքի, Ավետյանը ցանկացել է իր հորը թունավորման ճանապարհով սպանել, բայց հայրը բողոք չունի։ Նա սկզբում ներկայացել է բողոքով, բայց հետո ասել է, որ չի հավատում, որ իր տղան նման բան կաներ»,– ասում է Գայանե Գալոյանը։
Նրան հարցրինք, թե համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը լուրերն այն մասին, որ Արկադի Վարդանյանը վերջին շրջանում ծանր ֆինանսական վիճակում էր և պարտքեր ուներ, ինչին փաստաբանը պատասխանեց. «Ոչ։ Նա Իսպանիայում վիլլա ունի, ոչ մի պարտք էլ չունի։ Ես երեք ամիս է, նրա շահերը ներկայացնում եմ, և մեկը չհայտնվեց, որ ասի՝ Արկադի Վարդանյանն իրեն պարտք է»,– գրում է թերթը։